Կարևոր իրադարձություններ

2019-ին հրադադարի պահպանման ռեժիմի խախտման դեպքերը նվազել են 10 տոկոսով, իսկ կրակոցների քանակը՝ 12.3 տոկոսով

11 Հունվար, 2020 20:30
2019-ին հրադադարի պահպանման ռեժիմի խախտման դեպքերը նվազել են 10 տոկոսով, իսկ կրակոցների քանակը՝ 12.3 տոկոսով

Armtimes.com-ը գրում է.

2019 թվականին՝ 2018-ի համեմատ արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի խախտման դեպքերը նվազել են շուրջ 10 տոկոսով, իսկ կրակոցների քանակը` 12.3 տոկոսով:

«Հայկական ժամանակ»-ը Արցախի պաշտպանության բանակի տրամադրած տեղեկատվության հիման վրա ուսումնասիրել է անցած եւ նախանցած տարիների կրակոցների դինամիկան:

2018 թվականին ադրբեջանական զինուժը բացի հրաձգային զինատեսակներից կիրառել է տարբեր տիպի նռնականետեր (25 արկ): 2019-ին հրաձգային զինատեսակների հետ մեկտեղ կիրառել է 60 միլիմետրանոց ականանետ (13 արկ) եւ հաստոցավոր ավտոմատ նռնականետ (32 արկ):

2019-ի ընթացքում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի խախտման ու արձակած կրակոցների թվաքանակը ամենացածրն է`2010 թվականից ի վեր:

2019 թվականին գրեթե իսպառ վերացել է ադրբեջանական զինուժի կողմից դիվերսիոն ներթափանցման փորձերի հավանականությունը: Բացառությամբ սեպտեմբերի 22-ի դեպքի, երբ հակառակորդը ՊԲ հարավարեւելյան (Կարախանբեյլի) ուղղությամբ տեղակայված դիրքերից մեկի պաշտպանական հատվածում ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ եւ, չեզոք գոտում թողնելով մեկ դի, հետ շպրտվել իր ելման դիրքերը: Տարվա ընթացքում նմանատիպ քայլեր չեն ձեռնարկվել:

Անդրադառնալով արդեն թվերին նշենք, որ 2019 թվականին արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 9000 անգամ, որի ընթացքում հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 85000 կրակոց:

2018 թվականին արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 10000 անգամ, որի ընթացքում հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 97000 կրակոց:

 

Լրահոս

Դիտել ավելին