Կարևոր իրադարձություններ

Ամուլսարի հարցով նոր զարգացումներ են սպասվում. «Լիդիան Արմենիան» անգամ քննարկում է հանքի շահագործման ծրագիրը վաճառելու տարբերակը. «Ժողովուրդ»

11 Հունվար, 2020 08:13
Ամուլսարի հարցով նոր զարգացումներ են սպասվում. «Լիդիան Արմենիան» անգամ քննարկում է հանքի շահագործման ծրագիրը վաճառելու տարբերակը. «Ժողովուրդ»

««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ արդեն պատրաստ է Ամուլսարի հանքավայրի շահագործման ծրագրի վերաբերյալ 33 էջից բաղկացած եզրակացություն, և այն ստանալու համար ուսումնասիրվել է շուրջ 10 հազար փաստաթուղթ: 

Մեր տեղեկություններով՝ առաջիկայում ԱԺ-ում գոր­ծող քննիչ հանձնաժողովը նիստ է անելու և քննարկելու այդ փաստաթուղթը: Այս մասով մեզ որոշ մանրամասներ են հայտնի դարձել: Ըստ այդ եզրակա­ցության՝ նախորդ իշխանություններն Ամուլսարի շահագործման հետ կապված անօրինական որոշումներ են կայացրել: 

Օրինակ՝ Ջրային օրենսգրքով և «Սևանի մասին» օրենքով արգելվում է լճի ջրահավաք ավազանի տարածքում հանքարդյունահանության իրականացումը, իսկ կոնվենցիաներով չի թույ­լատրվում հանք շահագործել այն տեղանքներում, որտեղ ապրում են միջազգային Կարմիր գրքում գրանցված կենդանատեսակներն ու թռչնատեսակները: 

Բացի այդ, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ԱԺ քննիչ հանձնաժողովն այս պահին սպասում է ՊԵԿ-ին ուղղված հարցման պատասխանին: Մաս­նավորապես, քննիչ հանձնաժողովի անդամները հետաքրքրվել էին, թե ինչու է կառավարությունը 2017 թվականին 29 մլրդ դրամի ներկրման արտոնություն տվել «Լիդիան Արմենիա» ընկերությանը, և ինչ են արվել Հայաստան ներկրված ապրանքները, ընդ որում՝ այնպիսի ապրանքներ, որոնք ընդհանրապես կապ չունեն հանքարդյունաբերության ոլորտի հետ: 

Այսպիսով՝ Ամուլսարի հանքի շահագործման մասով նոր զարգացումներ են սպասվում: Ավելին՝ մեր տեղեկու­թյուններով' «Լիդիան Արմենիա» ընկերությունն այժմ անգամ քննարկում է հանքի շահագործման ծրագիրը վաճառելու տարբերակը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին