Կարևոր իրադարձություններ

«Դալմա գարդեն մոլ»-ից վաղը կհեռացվեն տեղադրված սարքերը. հնարավոր է դրանք այդպես էլ չպարզեն շենքը ցնցվելու պատճառը

10 Հունվար, 2020 12:55
«Դալմա գարդեն մոլ»-ից վաղը կհեռացվեն տեղադրված սարքերը. հնարավոր է դրանք այդպես էլ չպարզեն շենքը ցնցվելու պատճառը

Երեւանի «Դալմա գարդեն մոլում» երեկվանից տեղադրված սարքերը վաղն առավոտյան կհեռացվեն: Շատ հավանական է, որ դրանք այդպես էլ չորոշեն հունվարի 9-ին շենքում մոտ 40 րոպե տեւած ցնցման պատճառը: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց արտակարգ իրավիճակների նախարարի մամուլի քարտուղար Էդմոն Զարգարյանը:

Նախարարությունը «Դալմա գարդեն մոլում» տեղի ունեցած ցնցման ամենահավանական պատճառ է դիտարկում մարդկային գործոնը: Իսկ որպեսզի եզրակացությունը լինի հիմնավոր, այս պահին դեռ սարքերն աշխատում են: «Կարող է մի ծանր տեխնիկա է աշխատել եւ որոշակի ցնցում է առաջացրել, կա՛մ զուգադիպությամբ մի 50 օդորակիչ միասին են աշխատել: Շենքերում այս կարգի բաներ լինում են: Կարող է կողքի հարկում մեկը դռելով աշխատի, ցնցում լինի, իսկ որպեսզի դատողությունների տիրույթում չմնանաք սարքավորումները դրած նայում են, թե ինչ կլինի»,- ասաց Էդմոն Զարգարյանը:

ԱԻՆ մամուլի քարտուղարը հայտնեց, որ ցնցումը շատ թույլ է եղել, սակայն բավականին երկար է տեւել:

Զարգարյանից հետաքրքրվեցինք, թե եթե ցնցման պատճառը մարդկային գործոնն է եղել եւ ինչպես ինքն է նշում, հնարավոր է որեւէ տեխնիկայի աշխատանքի պատճառով է, ապա եթե այդ տեխնիկան այսօր չաշխատի, սարքն ինչպե՞ս է որոշելու: ԱԻՆ աշխատակիցը նկատեց՝ շատ հավանական է, որ սարքի միջոցով այդպես էլ չկարողանան իմանալ շենքը ցնցվելու պատճառը: Այս իսկ պատճառով մասնագետներն ուսումնասիրում են շենքի այն հատվածը, որտեղ ցնցումներն են եղել: Նրա խոսքով՝ ցնցումներն առավել նկատվել են երկրորդ հարկի մի հատվածում: Այս պահին բոլոր հնարավոր պարամետրերեը ստուգվում են ԱԻՆ-ի եւ քաղաքաշինության կոմիտեի կողմից: Ուսումնասիրություն է իրականցվում ներսում եւ հարակից տարածքում:

ԱԻն մամուլի քարտուղարից հետաքրքրվեցինք, թե քանի դեռ մարդկային գործոնը չի հաստատվել կամ բացառվել, մասնագետները պատճառ դիտարկո՞ւմ են շենքի ամրակայունության կամ ստանդարտներին համապատասխան չլինելը: «Ոչինչ չի կարելի բացառել, հնարավոր է՝ շենքի մի հատված ճիշտ կառուցված չլինի, ըստ նախագծի չլինի: Չեմ ասում նման բան կա, բայց այս պահին չենք կարող բացառել: Պարզապես որպես նոր շենք այն պետք է որ ամուր լինի ու սեյսմակայուն»,-ասաց Զարգարյանը:

Նշենք, որ երեկվանից մասնագետները «Դալմա գարդեն մոլի» տարածքում են, աշխատում են, սակայն մինչեւ այս պահը չի հայտարարվել շենքի՝ բոլոր նորմերին համապատասխան լինելը: Ուսումնասիրությունները շարունակվում են:

Երեկոյան հայտնի դարձավ, որ շենքի մի հաստվածում տեւական ցնցումներ են զգացվել: Առեւտրի կենտրոնի ղեկավարությունը տարհանել էր բոլոր աշխատակիցներին ու հաճախորդներին: Կարծիքներ էին հնչել, որ երկրաշարժ է, ինչը սակայն, շատ չանցած հերքվել էր: «Դալմա»-ն այսօր չի գործում: 

 

Լրահոս

Դիտել ավելին