Կարևոր իրադարձություններ

Ներկայացուցիչների պալատը կքննարկի օրինագիծ՝ Իրանի հարցում Թրամփի ռազմական լիազորությունները սահմանափակելու մասին

06 Հունվար, 2020 10:52
Ներկայացուցիչների պալատը կքննարկի օրինագիծ՝ Իրանի հարցում Թրամփի ռազմական լիազորությունները սահմանափակելու մասին

ԱՄՆ-ի Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի ղեկավար Նենսի Փելոսին հայտարարություն է տարածել՝ նշելով, որ պալատը կքննարկի օրինագիծ, որով կսահմանափակի երկրի նախագահ Դոնալդ Թրամփի ռազմական գործողություններն Իրանի դեմ: CNN-ի փոխանցմամբ՝ Փելոսին նաև դատապարտել է իրանցի բարձրաստիճան զինվորական Ղասեմ Սոլեյմանիի սպանությունը՝ հայտնելով, որ դա վտանգի տակ է դրել ամերիկացի զինծառայողներին և դիվանագետներին:

«Այս շաբաթ Ներկայացուցիչների պալատը կներկայացնի ռազմական լիազորությունների վերաբերյալ օրինագիծը և կքվեարկի։ Այս օրինագիծը նման է Սենատում սենատոր Թիմ Քեյնի ներկայացրած օրինագծին: Այն վերահաստատում է Կոնգրեսի վաղեմի պարտավորությունները հսկողության հարցում՝ սահմանելով, որ եթե Կոնգրեսը որևէ հետագա գործողություն չձեռնարկի, ապա վարչակազմի ռազմական գործողություններն Իրանի դեմ պետք է դադարեցվեն 30 օրվա ընթացքում», – նշված է հայտարարության մեջ:

Reuters լրատվական գործակալությունը հայտնում է, որ Թեհրանում հազարավոր մարդիկ հավաքվել են Իրաքում սպանված գեներալ Ղասեմ Սոլեյմանիին հրաժեշտ տալու: Սոլեյմանիի մարմինը Թեհրանից կտեղափոխվի Ղոմ, այնուհետև՝ նրա հայրենի քաղաք Քերման:

Օրեր առաջ ԱՄՆ-ի կողմից իրանցի բարձրաստիճան զինվորականի սպանությունը լուրջ հակամարտության առիթ է դարձել: Կողմերը միմյանց սպառնում են ռազմական գործողություններով:

 

 

Լրահոս

Դիտել ավելին