Կարևոր իրադարձություններ

Պատկանյանի անվան թիվ 9 դպրոցի ուսուցիչը ներողություն է խնդրել Նաիրա Զոհրաբյանից

31 Դեկտեմբեր, 2019 19:50
Հեղինակ՝ Նաիրա Զոհրաբյան
Պատկանյանի անվան թիվ 9 դպրոցի ուսուցիչը ներողություն է խնդրել Նաիրա Զոհրաբյանից

Կոչ եմ անում խորհրդարանի բոլոր խմբակցությունների իմ գործընկերներին, անմիջապես տոներից հետո, ակտիվորեն աշխատենք օրենքի նախագծի վրա, որը ատելության խոսքը, հայհոյանքը կբերի քրեական պատասխանատվության դաշտ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

Նա լուսանկար է հրապարակել, որտեղ օգտատերերից մեկը ներողություն է խնդրում իրեն վիրավորելու համար և գրել.

«Էս հայհոյող երախները տեսեք ոնց ենք փակելու։ 

Ես խոստանում եմ, որ օրենսդրորեն փակելու ենք ատելության խոսք և հայհոյանք տարածող յուրաքանչյուր երախ:

Երեկ ամանորյա իմ ուղերձի տակ, որը, կարծում եմ, սիրուն ու բարի մաղթանք էր, Էջմիածնի Պատկանյանի անվան թիվ 9 դպրոցի տղամարդ ուսուցիչը, ոմն Հրանտ Գալստյան, հայհոյանք էր գրել: Պատկերացնո՞ւմ եք, ուսուցիչ, որին վստահված է մեր երեխաների դաստիարակությունը: Ուսուցիչ, ով ունի կին, մայր, երեխաներ:

Բնականաբար, իմ փաստաբանը անմիջապես նյութեր նախապատրաստեց` դատարան դիմելու համար: Սակայն հայհոյող ուսուցիչը, հիշեցնեմ` անձնագրով տղամարդ, իր էջում հրապարակային ներողություն խնդրեց ինձանից, ասելով, թե չի գիտակցել ինչ է անում:

Սա այլևս ողբերգություն է և սա իմ, կամ առանձին վերցրած որևէ քաղաքական-հանրային գործչի մասնավոր հարցը չէ: Ատելությունը, իռացիոնալ, ագրեսիվ, քարուքանդ է անում ամեն ինչ և այլևս Հայաստանի համար լուրջ մարտահրավեր է:

Ես ասում եմ` ոչ մի հայհոյող այլևս անպատիժ չի մնալու: Կոչ եմ անում խորհրդարանի բոլոր խմբակցությունների իմ գործընկերներին, անմիջապես տոներից հետո, ակտիվորեն աշխատենք օրենքի նախագծի վրա, որը ատելության խոսքը, հայհոյանքը կբերի քրեական պատասխանատվության դաշտ:

Բավական եղավ հանդուրժենք հիվանդներին եւ անհաջողակներին, որոնց միակ բաստիոնը հայհոյանքն ու ապականությունն է:

Այլևս ոչ մի ստահակի զիջում չի լինելու»։

 

Լրահոս

Դիտել ավելին