Կարևոր իրադարձություններ

Զարուհի Բաթոյանը պարզաբանում է տարածել

28 Դեկտեմբեր, 2019 18:40
Հեղինակ՝ Զարուհի Բաթոյան
Զարուհի Բաթոյանը պարզաբանում է տարածել

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել` մանրամասներ ներկայացնելով վարկային պարտավորությունների գծով 100 հազար և ավելի դրամ միջին ամսական մարում կատարելու հանգամանքը՝ որպես ընտանիքների անապահովության գնահատման ժամանակ օգտագործվող ցուցանիշ ավելացնելու ՀՀ կառավարության որոշման առիթով:

«Վարկային պարտավորությունների առկայության վերաբերյալ տեղեկատվությունը առցանց ճանապարհով ստացվելու է ԱՔՌԱ վարկային բյուրոյից՝ նախապես յուրաքանչյուր ընտանիքից ստանալով դրա վերաբերյալ համաձայնությունը:

Ստացված տեղեկատվությունը «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված խորհրդի կողմից ներկայացվելու է տարածքային մարմիններին, որոնց կողմից յուրաքանչյուր ընտանիքի վերաբերյալ ստացված տեղեկությունների բազմակողմանի քննության և հանգամանքների վերհանման արդյունքում միայն կորոշվի տվյալ ընտանիքի՝ նպաստի համակարգում ընդգրկվելու հնարավորությունը:

Նշենք, որ ՀՀ գործող օրենդրությամբ՝ ընտանիքների անապահովության գնահատման ժամանակ օգտագործվող ցուցանիշներից 5-ն ունեն կողմնորոշիչ բնույթ: Հաշվի առնելով հանրապետությունում տարիներ ի վեր գոյություն ունեցող ստվերային զբաղվածությունը և արտերկրից ստացվող հնարավոր դրամական օգնությունները, ՀՀ կառավարության որոշմամբ, սահմանվել են այնպիսի չափորոշիչներ, որոնք խոսում են տվյալ ընտանիքի հնարավոր ստվերային եկամուտների մասին: Դրանք այն ցուցանիշներն են, որոնց առկայության պարագայում սահմանվում է ընտանիքի սոցիալ-տնտեսական պայմանների ուսումնասիրության պարտադիր պահանջ:

Դրանք են՝
• անձնական օգտագործման ավտոմեքենայի առկայությունը և տեխնիկական զննում անցնելու հանգամանքը.
• ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելը.
• անշարժ գույքի հետ կապված գործարքներ կատարելը.
• ապրանքների ներմուծման և արտահանման համար ընտանիքի անդամներից մեկի կողմից մաքսային վճարների կատարումը.
• ամառային ամիսների ընթացքում ընտանիքի սպառած էլեկտրաէներգիայի քանակը:
Այդ ցուցանիշները նկարագրող գործակիցներն ունեն երկու արժեք՝ ՄԵԿ ԿԱՄ ԶՐՈ:
Ընտանիքի սոցիալ-տնտեսական պայմանների վերաբերյալ տարածքային կենտրոնի, ինչպես նաև «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված խորհրդի առաջարկությամբ արված եզրակացությամբ նման ընտանիքների համար կիրառվում է գործակցի երկու արժեքներից որևէ մեկը:

ՄԵԿ, եթե ընտանիքի սոցիալ-տնտեսական վիճակը ծանր է և ընտանիքը պետք է շարունակի ստանալ համակարգով նախատեսված հնարավոր աջակցությունները, այդ թվում նպաստը:

ԶՐՈ գործակիցը կիրառելու պարագայում ընտանիքը չի կարող այլևս ստանալ որևէ աջակցությունը, որը տրամադրվում է այդ համակարգով: Սակայն այս որոշումը կարող է վերանայվել ընտանիքի սոցիալ-տնտեսական պայմանների փոփոխություններով պայմանավորված:

«Ընտանիքի անապահովության գնահատման բնութագրիչներին ավելացված չափոփոշիչը՝ վարկային պարտավորությունների գծով 100 հազար և ավելի դրամ միջին ամսական մարում կատարելու հանգամանքը, դասվում է վերը նկարագարված կողմնորոշիչ չափոփոշիչներին, որի առկայության պարագայում միայն կարելի է վարկառու ընտանիքի սոցիալ-տնտեսական վիճակի գնահատական տալ:

Ընդ որում հարկ է նշել, որ այս որոշումները կայացվում են «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված խորհրդի առաջարկությամբ, որի 11 անդամներից 6-ը ոչ պետական կազմակերպությունների ներկայացուցիչներ են»,- ասված է Զարուհի Բաթոյանի գրառման մեջ:

 

 

Լրահոս

Դիտել ավելին