Կարևոր իրադարձություններ

Դատախազությունն Արա Բաբլոյանի եւ Արսեն Բաբայանի մեղադրական եզրակացությունը չի հաստատել

24 Դեկտեմբեր, 2019 10:55
Դատախազությունն Արա Բաբլոյանի եւ Արսեն Բաբայանի մեղադրական եզրակացությունը չի հաստատել

Նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից որոշում է կայացվել ՀՀ ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանի եւ ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալի պաշտոնակատար Արսեն Բաբայանի մեղադրական եզրակացությունը չհաստատելու և քրեական գործը լրացուցիչ քննություն կատարելու համար վերադարձնելու վերաբերյալ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազության խոսնակ Արեւիկ Խաչատրյանը։

Դատախազության խոսնակի խոսքով՝ դատախազի որոշմամբ տրվել են համապատասխան ցուցումներ լրացուցիչ քննություն կատարելու ենթակա հանգամանքների վերաբերյալ՝ հաշվի առնելով, որ դրանց արդյունքներով է հնարավոր Արա Բաբլոյանի և Արսեն Բաբայանի արարքներին ճիշտ քրեաիրավական գնահատման տալ:

Հիշեցնենք, որ Արա Բաբլոյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի եւ 314-րդ հոդվածի 1-ին մասերով` մի խումբ պաշտոնատար անձանց հետ ՀՀ սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալու, ինչպես նաեւ պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ:

Արսեն Բաբայանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 38-300-րդ հոդվածի եւ 314-րդ հոդվածի 1-ին մասերով` Արա Բաբլոյանի եւ այլ պաշտոնատար անձանց կողմից ՀՀ սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալուն օժանդակելու, ինչպես նաեւ պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ:



 

Լրահոս

Դիտել ավելին