Կարևոր իրադարձություններ

Հայաստանյան դպրոցների 11 տնօրեն, 8 ուսուցիչ և 6 հայ փորձագետ մեկնել են Գերմանիա՝ փորձի փոխանակման

18 Դեկտեմբեր, 2019 19:10
Հայաստանյան դպրոցների 11 տնօրեն, 8 ուսուցիչ և 6 հայ փորձագետ մեկնել են Գերմանիա՝ փորձի փոխանակման

«Բազմակարծիք կրթական համակարգի ձևավորում» ծրագրի շրջանակում մասնակցային մշակույթի դասավանդման մասին գիտելիքի և փորձի փոխանակման նպատակով հայկական հանրակրթական դպրոցների 11 տնօրեն, 8 ուսուցիչ և 6 հայ փորձագետ դեկտեմբերի 8-ից 13-ը եղել են ԳԴՀ Սաքսոնիա-Անհալթ երկրամասում։ Հայ մասնագետները Գերմանիա են մեկնել ԳԴՀ Սաքսոնիա-Անհալթի կրթության նախարար Թուլների հրավերով։ Ուսումնական այցի ընթացքում հայ պատվիրակները դասալսումներ են կատարել երեք հանրակրթական դպրոցում, ծանոթացել «LISA» ուսուցիչների վերապատրաստման և որակի ապահովման ինստիտուտի աշխատանքին, ինչպես նաև Գերմանիայի հանրակրթական համակարգին, մասնակցել են «Կենտրոնացված քննություններ և դպրոցների որակի ապահովում» համագերմանական կոնգրեսին, այցելել Ֆրանկեի հիմնադրամ և այլ մշակութային հաստատություններ։

Այս փուլը հաջորդել է Երևանում և Վանաձորում կայացած աշխատաժողովներին, որոնց միջև ընկած ժամանակահատվածում մասնակիցները փորձարկել են կոմպետենցիաների ձևավորմանն ուղղված դասի տարրերը, մեթոդները, առաջադրական բայերի և նկարագրիչների կիրառումը։ Տնօրեններն իրենց հերթին ուրվագծել են կոմպետենցիոն դասավանդման խրախուսման եղանակները, առկա խոչընդոտներն ու մասնակցային խորհուրդների աշխատանքի և առանցքային կոմպետենցիաների ձևավորման միջև կապ ստեղծելու հնարավորությունները։

Սաքսոնիա-Անհալթ երկրամասի կրթության նախարար Մարկո Թուլները բարձր է գնահատել հայ և գերմանացի փորձագետների համագործակցությունը և նշել, որ Սաքսոնիա-Անհալթն այսուհետ ևս պատրաստ է կիսվել կրթական բարեփոխումների փորձով հայ գործընկերների հետ։ Գարնանը սպասվում է Սաքսոնիա-Անհալթ երկրամասի կրթության նախարար Մարկո Թուլների այցը Հայաստան։

Տեղեկացնենք նաև, որ ծրագրային գործընկերները մտադիր են շարունակական դարձնել «Մասնակցային դպրոց» նախաձեռնությունը, ինչը թույլ կտա ՀՀ կրթական չափորոշիչների վերանայման փուլում դպրոցներում գործնականում փորձարկել կոմպետենցիաների ձևավորմանն ուղղված ուսուցումը և կատարել փորձի փոխանակում հայաստանյան մյուս դպրոցների հետ։ «Բազմակարծիք կրթական համակարգի ձևավորում» ծրագրի գործընկերներն են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և ԳԴՀ Սաքսոնիա-Անհալթ երկրամասի կրթության նախարարությունը, ինչպես նաև «Դասավանդի՛ր, Հայաստան» հիմնադրամն ու Կրթական քաղաքացիական նախաձեռնությունը։  

 

Լրահոս

Դիտել ավելին