Կարևոր իրադարձություններ

Սարհատ Պետրոսյանի հայտարարություններից հետո նախապատրաստված նյութերով քրգործի հարուցումը մերժվել է

09 Դեկտեմբեր, 2019 20:08
Սարհատ Պետրոսյանի հայտարարություններից հետո նախապատրաստված նյութերով քրգործի հարուցումը մերժվել է

Կադաստրի պետական կոմիտեի նախկին պետ Սարհատ Պետրոսյանի՝ ոստիկանությունում տված պարզաբանման հիման վրա նախապատրաստված նյութերով որոշում է կայացվել քրեական գործի հարուցումը մերժելու մասին:

«Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան՝ Ոստիկանության լրատվական ծառայության աշխատակից Զարզանդ Գաբրիելյանն ասաց, որ քրեական գործի հարուցումը մերժվել է Քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով (բացակայում է հանցագործության դեպքը):

Հիշեցնենք, որ նոյեմբերի 22-ին Սարհատ Պետրոսյանը Ոստիկանությունում պարզաբանում էր տվել: Նա ոստիկանություն էր հրավիրվել ՀՀ փոխվարչապետի խորհրդական, քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Ավետիք Էլոյանի մասին իր այն հայտարարությունների համար, թե Էլոյանը ներգրավված է «կոռումպացվածության հասնող թայֆայականության» մեջ: Պետրոսյանն այս հայտարարություններն արել էր «Ազատության» հետ հարցազրույցի ժամանակ: Նա ներկայացրել էր, որ Ավետիք Էլոյանը 2012 թվականին եղբոր՝ Զարեհ Էլոյանի հետ ԱՄՆ-ում բացել է «Eloyan Architects» նախագծային կազմակերպությունը, որի պաշտոնական կայքում կա միայն մեկ բնակարանի ինտերիերի նախագիծ Հայաստանում:

Սարհատ Պետրոսյանի խոսքով՝ «Eloyan Architects»-ն այժմ ներգրավված է նաև նոր ֆուտբոլային համալիրի, Դալմայի տարածքում բազմահարկ բնակելի թաղամասի և մի շարք այլ նախագծերում: «Դրան ավելացնենք հանրահայտ 70 հարկանի շենքի նախագիծը, որը, ինչպես ներկայացվում է հարցազրույցում, պատվիրվել է 2017-ի վերջին։ Չնայած այս պնդումն արժանահավատ չէ, սակայն, եթե կարելի է ապացուցել, որ դա պատվիրվել է մինչ նշանակումը, ապա այս նախագծի մասով, կարծում եմ, կկարողանանք հանգիստ լինել (ավելին՝ ներողություն խնդրել), բայց, միևնույն է, մնում է այն հարցը, թե ինչպե՞ս է մեր լավագույն ինտերիեր դիզայներներից Զարեհ Էլոյանը շարունակելու այս աշխատանքն առանց «փորձառու» Ավետիք Էլոյանի»,- ասել էր Պետրոսյանը:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում:
 

Լրահոս

Դիտել ավելին