Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի նախաձեռնությամբ անցկացվող «Նախագահական համերգաշարի» շրջանակում դեկտեմբերի 6-ի երեկոյան նախագահական նստավայրում տեղի է ունեցել Գյումրիին նվիրված՝ «Գյումրի, իմ սեր» խորագրով համերգ, որին ներկա են եղել Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, պետական, հասարակական, գիտական ու մշակութային գործիչներ, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ, հրավիրյալներ հանրապետության մարզերից:
Համերգը Գյումրիի երաժշտարվեստը ներկայացնելուց զատ նաև հարգանքի տուրք էր 1988 թվականի երկրաշարժի զոհերի հիշատակին. մինչ համերգի մեկնարկը ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են նրանց հիշատակը:
Գյումրիի երաժշտական ու արվեստի դպրոցների սաների կատարմամբ հնչել են դասական, գուսանական ու ժողովրդական ստեղծագործություններ:
Հաջողություններ մաղթելով համերգի մասնակից գյումրեցի տաղանդավոր երեխաներին՝ նախագահ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ նրանք կշարունակեն իրենց ծնողների գործը՝ պահպանելով իրենց հոգևոր ու ազգային արժեքները, մշակութային ժառանգությունը. «Վստահ եմ, որ ձեզնից յուրաքանչյուրը հպարտ գյումրեցու սիրտ ունի, և ուզում եմ այդ հպարտությունն ու սերը ձեր քաղաքի, ձեր մարզի, ձեր հավատքի, ձեր հայրենիքի ու ժողովրդի նկատմամբ կրեք ձեր ողջ կյանքի ընթացքում»: