Կարևոր իրադարձություններ

ՊԵԿ-ը` աջակողմյան ղեկային համակարգով ավտոմեքենա բերելու և ՀՀ-ում ղեկային տեղաբաշխման մասին

06 Դեկտեմբեր, 2019 17:19
ՊԵԿ-ը` աջակողմյան ղեկային համակարգով ավտոմեքենա բերելու և ՀՀ-ում ղեկային տեղաբաշխման մասին

Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է` դեկտեմբերի 5-ին ՀՀ կառավարությունն ընդունել է որոշում, որով լրացում է կատարվել կառավարության 2015 թվականի նոյեմբերի 19-ի N 1359-Ն որոշման մեջ:

Արդյունքում, որոշումն ուժի մեջ մտնելուց հետո, հնարավորություն է ստեղծվում «Վերամշակում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգի շրջանակներում ՀՀ ներմուծել նաև աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցներ` դրանք վերամշակելու, ղեկային տեղաբաշխումը փոխելու և հետագայում` «Բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ձևակերպելու նպատակով:

Սահմանային անցումային կետում լրացված տարանցման հայտարարագրի հիման վրա՝ տրանսպորտային միջոցները Գյումրիի մաքսատուն (իսկ հայ-իրանական սահմանով ժամանման դեպքում՝ Սիսիանի մաքսատուն) տեղափոխվելուց հետո հայտարարատուն ներկայացնում է «Վերամշակում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգի համար հայտարարագիր և ձևակերպման համար վերամշակման թույլտվություն:
Վերջինս ստանալու նպատակով հայտարարատուն պետք է դիմի Գյումրի քաղաքում տեղակայված Հյուսիսային մաքսատուն-վարչություն (կամ Սիսիան քաղաքում տեղակայված Հարավային մաքսատուն-վարչություն)՝ նշելով նաև ղեկի տեղաբաշխման փոփոխության համար անհրաժեշտ ողջամիտ ժամկետը։

Հարկ է հիշել, որ «Վերամշակում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով բացթողնված ավտոմոբիլների շահագործումը արգելվում է: Այդ ընթացքում ավտոմեքենան պետք է տնօրինվի բացառապես դրա ղեկային տեղաբաշխումը փոխելու նպատակով: ՀՀ ոստիկանության կողմից կիրականացվեն օրինախախտների հայտնաբերման համար ուժեղացված հսկողություն, իսկ օրինախախտները կենթարկվեն վարչական պատասխանատվության։

ՊԵԿ-ը տեղեկացնում է նաև, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2020 թվականի հունվարի 1-ից փոփոխվելու են տրանսպորտային միջոցների ՀՀ մաքսային տարածք ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափերը, ուստի 2019 թվականին ՀՀ ներմուծված և «Վերամշակում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ձևակերպված ավտոմոբիլների համար հարկավոր է նաև ներկայացնել նախնական հայտարարագիր՝ մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ը։

 

Լրահոս

Դիտել ավելին