Կարևոր իրադարձություններ

Իրականում մեր գործերը լավ են. Նիկոլ Փաշինյան

06 Դեկտեմբեր, 2019 11:00
Իրականում մեր գործերը լավ են. Նիկոլ Փաշինյան

Իրականում մեր գործերը լավ են, և սա ամենակարևոր նորությունն է: Այս մասին այսօր խորհրդարանում 2020 թ. բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ միաժամանակ հավելելով՝ գործերն ավելի են լավանալու:

«Ես ուզում եմ մի ցուցանիշ բերել, որը շատ սիմվոլիկ և պատմական նշանակություն ունի: 2019 թ. Հայաստանի Հանրապետությանը հաջողվել է մեկ շնչին ընկնող ՀՆԱ ցուցանիշով առաջ անցնել մեր հարևան, բարեկամ, սիրելի Վրաստանից: Իհարկե, մենք Վրաստանին և վրացի ժողովրդին լավագույնն ենք մաղթում, հույս ունենք, որ տնտեսական համագործակցության խորացմամբ իրար կօգնենք ավելի ուժեղ տնտեսությամբ երկրներ կառուցել, բայց կարող ենք արձանագրել, որ արդեն մեկ շնչին ընկնող ՀՆԱ ցուցանիշով Վրաստանից առաջ ենք: Առավել կարևոր է այն, որ 2020 թ. արդյունքներով մեկ շնչին ընկնող ՀՆԱ արդյունքներով առաջ ենք անցնելու Ադրբեջանից»,- ասաց նա:

Վարչապետը նշեց՝ այս սանդղակում Հայաստանի Հանրապետությունը եթե ոչ միշտ, համենայնդեպս վերջին տասնամյակներում եղել է վերջինը, սակայն նույն այս սանդղակում 2020 թ. Հայաստանի Հանրապետությունը լինելու է առաջինը, և սա է տնտեսական հեղափոխության դրոշը, և տնտեսական հեղափոխության դրոշը տանում է ՀՀ ազատ, արժանապատիվ, հպարտ, աշխատասեր քաղաքացին: Կառավարության ղեկավարը հիշեցրեց՝ նույն այդ քաղաքացուն իր անձնական ուղերձը դեռ ընդդիմադիր ժամանակներից եղել է հետևյալը.

«Երբ ասում էին՝ վայ, մարդիկ չեն հավատում քաղաքական գործիչներին, ընդդիմությանը, իշխանությանը, իմ ուղերձը չի փոխվել, ես շարունակում եմ ասել՝ կարևոր չէ՝ դուք հավատո՞ւմ եք իշխանությանը, թե՞ ոչ, դուք հավատո՞ւմ եք ընդդիմությանը, թե՞ ոչ, կարևոր է, որ դուք հավատաք ինքներդ ձեզ, ձեր ուժին, տաղանդին, քաղաքացիությանը, մեր ընդհանուր հայրենիքին և մեզնից յուրաքանչյուրի անհատական ջանքին: Մենք ապացուցել ենք այդ բանաձևի իրավացիությունը»,- նշեց Փաշինյանը:

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին