Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2020թ. հունվարի 1-ից փոփոխություններ են լինելու անձնական օգտագործման ապրանքները փոխադրողի կողմից կամ միջազգային փոստային առաքանիներով Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծելու կարգում: Մասնավորապես` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2017 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ 107 որոշման համաձայն` 2020 թվականի հունվարի 1-ից անձնական օգտագործման ապրանքները փոխադրողի կողմից կամ միջազգային փոստային առաքանիներով կարող են ներմուծվել Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք առանց մաքսատուրքերի և հարկերի վճարման, եթե դրանց արժեքը չի գերազանցում 200 եվրոյին համարժեք գումարը, և (կամ) քաշը (միջազգային փոստային առաքանու դեպքում՝ համաքաշը (բրուտտոն)) չի գերազանցում 31 կիլոգրամը:
2020թ. հունվարի 1-ից կվերացվեն նաև առանց մաքսատուրքերի և հարկերի վճարման ֆիզիկական անձանց կողմից փոխադրողի միջոցով կամ միջազգային փոստային առաքումներով ՀՀ ներմուծվող անձնական օգտագործման ապրանքների հաճախականության սահմանափակումները: