Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանը ներկայացրել է Ղարաբաղի հակամարտության կարգավորման իր տեսլականը

04 Դեկտեմբեր, 2019 15:00
Ադրբեջանը ներկայացրել է Ղարաբաղի հակամարտության կարգավորման իր տեսլականը

Պաշտոնական Բաքուն Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ իր դիրքորոշումն է ներկայացրել ԵԱՀԿ նախարարների խորհրդի անդամներին, հայտնում է minval.az-ը:

Ավստրիայում, Սլովակիայում և Սլովենիայում Ադրբեջանի դեսպանատան կողմից Twitter-ում հրապարակված մի փաստաթղթում ասվում է, որ Ադրբեջանի Հանրապետությունը դեռևս հակված է լուծել հակամարտությունը քաղաքական միջոցներով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում: Ադրբեջանական կողմը նշում է, որ հավատարիմ է հակամարտության լուծման փուլային մոտեցմանը, որը հիմնված է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի և ԵԱՀԿ որոշումների, մասնավորապես, 1994 թ. Բուդապեշտի գագաթնաժողովի որոշման վրա:

Ըստ փաստաթղթի՝ առաջին քայլը պետք է լինի հայկական զինված ուժերի ամբողջական և անվերապահ դուրսբերումը Ղարաբաղի և «գրավյալ» այլ տարածքներից:

Դրան պետք է հաջորդի Ադրբեջանի բնակչության վերադարձը, ինչպես նաև տարածաշրջանում հաղորդակցության վերսկսումը:

Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի կարգավիճակի որոշումն Ադրբեջանի կազմում՝ Ադրբեջանի Սահմանադրության և օրենսդրության համաձայն:

Նման կարգավիճակը, ըստ նրանց, պետք է ապահովի տարածաշրջանի հայ և ադրբեջանական համայնքների խաղաղ գոյակցությունը, երաշխավորի մարդու իրավունքների և ազատությունների լիարժեք իրացումը հավասար և ոչ խտրական հիմունքներով:

«Կարգավիճակի որոշումը պետք է տեղի ունենա խաղաղ պայմաններում՝ իրավական գործընթացի շրջանակներում, Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի շրջանի բնակչության, մասնավորապես՝ հայկական և ադրբեջանական համայնքների անմիջական, լիարժեք և հավասար մասնակցությամբ, և Ադրբեջանի կառավարության հետ նրանց փոխգործակցության մեջ բացառապես իրավական և ժողովրդավարական գործընթացի շրջանակներում»,- նշվում է հուշագրում:

Վերջում նշվում է, որ Ադրբեջանը չի տեսնում հակամարտության քաղաքական լուծում վերը նշված շրջանակից դուրս:

 

Լրահոս

Դիտել ավելին