Կարևոր իրադարձություններ

Նորքի անտառներում կաթիլային ոռոգում կներդրվի անտառի վերականգնման նպատակով

28 Նոյեմբեր, 2019 12:52
Նորքի անտառներում կաթիլային ոռոգում կներդրվի անտառի վերականգնման նպատակով

Կառավարությունն իր այսօրվա՝ նոյեմբերի 28-ի նիստում որոշում կայացրեց Շրջակա միջավայրի նախարարության անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ին 6 մլն դրամ հատկացնել Նորքի անտառների 45 հեկտար տարածքում կաթիլային ոռոգման համակարգի ներդրման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռք բերման համար:

Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը նշեց, որ Երեւանի անտառային հողերի կառավարման տեղամասի Երեւանի անտառպետության 56 հա-ից ծառապատվել է 45 հա-ը, ինչը դեռեւս անտառի շարք չի փոխանցվել։ Ներկայումս իրականացվող ոռոգման արդյունավետությունը  բավական ցածր է՝ հաշվի առնելով, որ ջուրը հոսում է ոչ նպատակային՝ ելնելով հողի շերտի կառուցվածքից։ Արդյունքում ծառերը չեն ստանում աճի համար անհրաժեշտ քանակությամբ ջուր։ Կաթիլային ոռոգման համակարգի ներդնումը հնարավորություն կտա ապահովել յուրաքանչյուր ծառի համար անհրաժեշտ քանակությամբ ջրով սնուցում։

Նախնական գնահատմամբ, նշված տարածքում կաթիլային ոռոգման համակարգի ներդրման համար անհրաժեշտ է մոտ 120 մլն․ դրամ գումար։

Նախարարը նշեց, որ նախկինում այդ տարածքն ավելի մեծ է եղել, սակայն որոշ հատվածներ սեփականաշնորհվել եւ կառուցապատվել են սեփականատերերի կողմից: Էրիկ Գրիգորյանը տեղեկացրեց, որ դրա վերաբերյալ եւս նախագիծ ունեն, երբ կսահմանեն, թե անգամ սեփականաշնորհված տարածքներից քանի տոկոսը պարտադիր պետք է կանաչապատ լինի, ծառապատվի:

ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը նկատեց, որ այդ հատվածներում ահագին հատված այրված է: Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը կատակով արձագանքեց. «Հուսով եմ՝ չեք առաջարկում այդտեղ հակահրդեհային համակարգ տեղադրենք»:

Ցոլակյանն էլ արձագանքեց. «չեն էլ կարող տեղադրել, բայց այդ լանջերին կաթիլային ոռոգմամբ ի՞նչ կարող եք անել: Այնտեղ ջրի մեծ քանակություն է պետք, կաթիլայինը չի փրկի, ու նորից ունենալու ենք հրդեհներ: Նորքում վերեւից առուներով գալիս է, ջրի տեղերը կա, ուղղակի ջուր չկա: Եթե ջուրը լինի, հարցը կլուծվի»:

Էրիկ Գրիգորյանն ասաց, որ մասնագետները նշել են, որ հենց կաթիլային ոռոգման համակարգն է լավագույնը այդ լանջի համար:

 

Լրահոս

Դիտել ավելին