Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    475,5
    479

  • EUR

    528
    536

  • RUB

    7,45
    7,65

Կարևոր իրադարձություններ

Վարչապետը կարևորել է թվային տեխնոլոգիաների վերաբերյալ հանրային իրազեկվացության բարձրացումը

14 Նոյեմբեր, 2019 19:41
Վարչապետը կարևորել է թվային տեխնոլոգիաների վերաբերյալ հանրային իրազեկվացության բարձրացումը

ՀՀ կառավարության նոյեմբերի 14-ին տեղի ունեցած հերթական նիստը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ի թիվս այլ որոշումների,  կենդանական աշխարհի օբյեկտների սոցիալական նպատակներով օգտագործման պայմանագրերի կնքման գործընթացը կարգավորելու, ինչպես նաև գործընթացում վարչարարությունը նվազեցնելու նպատակով կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում։ Շրջակա միջավայրի նախարարությունը նախաձեռնել է «Սիրողական ձկնորսության և որսի հայտերի ընդունման էլեկտրոնային համակարգ»-ի միջոցով Կենդանական աշխարհի օբյեկտների սոցիալական նպատակներով օգտագործման պայմանագրերի կնքման գործընթացը։ Փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է կենդանական աշխարհի օբյեկտների սոցիալական նպատակներով օգտագործման մասին պայմանագրերի կնքման թղթային և էլեկտրոնային հայտերի միասնական ձևի պահպանման, գործընթացն առավել ճկուն և դյուրին իրականացնելու պահանջից։ Առաջարկվող փոփոխությունները նպատակաուղղված են սիրողական ձկնորսության և որսի հայտերի ընդունման էլեկտրոնային համակարգի միջոցով Կենդանական աշխարհի օբյեկտների սոցիալական նպատակներով օգտագործման պայմանագրերի կնքման գործընթացի կանոնակարգմանը։

Վարչապետը կարևորել է էլեկտրոնային համակարգերի և թվային տեխնոլոգիաների շարունակական ներդրումը տարբեր ոլորտներում՝ հանձնարարելով գործուն քայլեր ձեռնարկել դրանց վերաբերյալ հանրային իրազեկվածությունը բարձրացնելու ուղղությամբ:  «Այսօր Հայաստանում տեխնոլոգիական ոլորտի բազմաթիվ գործող նորամուծություններ և ծառայություններ կան, որոնց մասով էլի մարդկանց իրազեկման խնդիր կա: Օրինակ՝ ի՞նչ է QR կոդը, ինչո՞ւ է դա օգտագործվում: Մենք այսքան խոսում ենք, որ Հայաստանում օնլայն բանկինգը բավարար տեմպերով չի զարգանում, դրա պատճառներից մեկն էլ նույնպես էլի իրազեկվածության պակասությունն է, էլեկտրոնային դրամի համակարգը, որ այսօր ՀՀ-ում գործում է, էլի իրազեկվածության խնդիր կա: Իհարկե, այդ գործառույթների մի մասը վերաբերում է Կենտրոնական բանկին, և ես կարծում եմ, որ ճիշտ կլինի, որպեսզի Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը Կենտրոնական բանկի հետ այս հարցում նույնպես տեղեկատվական որոշակի հայեցակարգ մշակի, որպեսզի մարդիկ իմանան, որ այդ ծառայությունները հասանելի են, որովհետև հաստատ այդ ծառայություններն ավելի հարմար են մարդուն»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

Կառավարության ղեկավարը, մեկ անգամ ևս կարևորելով հանրային իրազեկվածության մակարդակի բարձրացումը, ընդգծել է. «Իրազեկման հայեցակարգ պետք է գոյություն ունենա, անհրաժեշտության դեպքում՝ իրազեկման ռազմավարություն պետք է լինի, ընդ որում՝ մարդիկ պետք է տեղյակ լինեն: Երբ խոսում ենք մարդու կյանքի փոփոխության մասին,  մարդու կյանքի փոփոխությունը մենակ այն չէ, թե հացը խանութում ինչ արժե: Մարդու կյանքի փոփոխություն է նաև այն, թե այս ծառայություններն ինչքանով են հասանելի, և ինքն ինչքանով է իրազեկված այս ծառայություններից օգտվելու համար՝ ընդհուպ ի՞նչ ծրագիր որտեղի՞ց պետք է ներբեռնել, ինչպե՞ս պետք է օգտագործի և այլն: Զուգահեռաբար պետք է, իհարկե, նաև ԿԲ-ն բանկերի հետ աշխատի, որպեսզի օնլայն բանկինգի ծրագրերն անխափան աշխատեն, որովհետև շատ են դեպքերը, որ դրանք հայտարարված են, կան, առկա են, բայց դրանք միշտ չէ, որ անխափան աշխատում են, և այս հարցը նույնպես պետք է անպայման լուծել: Այնպես որ պետք է սրանով լուրջ զբաղվել և հաշվի առնել նաև ռիսկերը, ռիսկերի մասին էլ տեղեկացնել և ամենայն խորությամբ ուսումնասիրել՝ QR կոդն ի վերջո սատանայի հետ որևէ կապ ունի՞, թե՞ չունի»,-ասել է Նիկոլ Փաշինյանը:

 

Կառավարության ղեկավարը հայտնել է, որ  իրոք ԱԱԾ-ին հանձնարարական է տվել՝ պարզելու որոշ շրջանակների ու սատանայի համագործակցության ձևերն ու ուղիները.  «Նախորդ հարցն, իհարկե, մի քիչ հումորով ընկալվեց, բայց ուզում եմ ասել, որ ամենայն լրջությամբ է  այդ հանձնարարականը տրված, որովհետև ի վերջո, եթե կան մտահոգություններ հանրության շրջանում և հնչում են, պետք է հասկանալ՝ այդպիսի թեմա ընդհանրապես գոյություն ունի՞, թե՞ գոյություն չունի: Այսինքն՝ ինչքանո՞վ է լուրջ այդ թեման, ինչքանո՞վ է լուրջ, որ այդտեղ կան ինչ-որ տոտալիտար գաղափարներ, գաղափարախոսություններ, որոնք կարող են փորձ արվել, այդ թվում նաև պետական ռեսուրսներ օգտագործելով, տարածել և այդպես շարունակ: Իհարկե, դա պետք է պարզել, և հանրությունը պետք է իմանա, որ մենք, ընդհանրապես կառավարությունը ոչ մի ահազանգ ուղղակի անհետևանք չենք թողնում, և հանրությունը պետք է պատասխան ստանա: Ընդ որում, այս հարցում մենք 100 տոկոս պետք է անկեղծ լինենք: Այո, գնանք նայենք՝ եթե կա այդպիսի խնդիր, արձանագրենք այդ խնդիրը, իրեն տանք պարամետր, ձևակերպում, որպեսզի նաև երբ մեր տարբեր նախարարությունները, գերատեսչությունները, հանրությունը, մշակութային օջախները հնարավոր առնչություն կարող է ունենան, իրենք իմանան՝ դա ի՞նչ է: Որովետև երբ գիտենք թմրանյութ է, թմրանյութը կարողանում ենք ձևակերպել դա ինչ է, երբ գիտենք զենք, զինամթերք է, արգելված իր է, դա գիտենք թե ինչ է: Եթե կա այդպիսի պրոբլեմ, որի մասին խոսում են մեր սիրելի որոշ հայրենակիցներ, ուրեմն մենք դա էլ պետք է հասկանանք: Եթե կա այդպիսի խնդիր՝ պետք է մոտեցում ցուցաբերենք այդ խնդրի վերաբերյալ, եթե չկա այդ խնդիրը՝ զուտ ազգային անվտանգության տրամաբանությամբ: Իսկ եթե դա ընդհամենը գեղագիտական ճաշակի կամ ոճի խնդիր է, մենք դա էլ պետք է հանրությանը ասենք  և շատ պարզ այս թեմաներով խոսենք: Այնպես որ,  ես ուզում եմ այս առումով արձանագրել, որ որևէ ահազանգ մենք անարձագանք չենք թողնում, որովհետև մեզ համար կարևոր է, որ մենք ստանանք բոլոր հարցերի պատասխանը, և մեր միջոցով նաև հանրությունը ստանա բոլոր հարցերի պատասխանը»: 

Կանխիկի շրջանառությունը ոչ միայն պետք է կրճատել, այլև՝  վերացնել. Վարչապետը դա  կարևորել է նաև կոռուպցիայի դեմ պայքարի համատեքստում

Գործադիրը փոփոխություն և լրացում է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում: Ըստ այդմ՝  առաջարկվում է ՀԴՄ-ին և ցանցային կապի միջոցներին ներկայացվող տեխնիկական պահանջների ցանկում ներառել էլեկտրոնային եղանակով հաշվարկային փաստաթղթերի դուրսգրման հնարավորության ապահովման պահանջը: Ինչպես նաև վերջնաժամկետ է սահմանվել պլաստիկ քարտերի, այդ թվում՝ վճարային քարտերի միջոցով (չիպային, անհպում և մագնիսական), առկայության դեպքում նաև այլ վճարային տեխնոլոգիաների հիման վրա կիրառվող վճարային գործիքներով դրամական հաշվարկների իրականացման և հաշվարկային փաստաթղթերի դուրսգրման հնարավորության ապահովման համար:

Ինչպես նշել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը, նոր սերնդի ՀԴՄ սարքերը պետք է ունենան նաև POS տերմինալի ֆունկցիա: «Փոփոխությամբ առաջարկում ենք սահմանել, որ եթե բոլոր մնացած տեխնիկական պահանջները բավարարված են և ՀԴՄ-ն համապատասխանում է տեխնիկական պահանջներին, ապա պայման ենք դնում, որ 6 ամսվա ընթացքում POS տերմինալի ֆունկցիան պետք է ևս ակտիվացվի: Սրանով մենք  հնարավորություն կտանք, որ ոլորտի ազատականացման գործընթացում տնտեսավարողներն օր առաջ կարողանան գործունեություն ծավալել»,- ասել է ՊԵԿ նախագահը:

Ինչպես նշել է Նիկոլ Փաշինյանը, այդ համատեքստում  անհրաժեշտ է   հասկանալ, թե որքանո՞վ է դա համապատասխանում կանխիկի շրջանառությունը կրճատելուն, ապա  ընդհանրապես այն վերացնելուն:

«Պետք է խոստովանենք, որ ՀԴՄ-ների ոլորտում մենք խնդիր ենք ստեղծել: Երկար տարիներ Հայաստանի Հանրապետությունում  քննարկվում էր այն խնդիրը, որ պետք է ոլորտում պետական մենաշնորհ չլինի և պետք է շուկան ազատականացվի: Մենք, ըստ էության, շուկան ազատականացրեցինք, ինչի արդյունքում առաջացավ ՀԴՄ-ների դեֆիցիտ: Մեր ունեցած ՀԴՄ-ները շատ արագ սպառվեցին՝ նաև կապված նրա հետ, որ մենք գներն էականորեն իջեցրեցինք: Եվ  հետո շուկայում դեֆիցիտ առաջացավ, և փաստորեն մասնավոր հատվածը մինչև հիմա այդ դեֆիցիտը չի կարողանում լրացնել»,- ասել է կառավարության ղեկավարը:

Վարչապետն ընդգծել է կանխիկի շրջանառությունը ընդհանրապես վերացնելու ռազմավարական խնդրի լուծման կարևորությունը:  «Կանխիկի շրջանառությունը ոչ միայն պետք է կրճատել, այլև՝  վերացնել: Դա կարևոր է նաև կոռուպցիայի դեմ պայքարի համատեքստում, որպեսզի դրամաշրջանառության հետևելիությունը լինի մաքսիմալ ամենաբարձր աստիճանի»,-ասել է  Նիկոլ Փաշինյանը:

Դավիթ Անանյանը տեղեկացրել է նաև, որ ԿԲ-ի հետ աշխատում են, որպեսզի  բանկերը պատրաստ լինեն իրենց ծառայությունների վճարն իջեցնելու, որոշ դեպքերում վերացնելու. դա կխթանի անկանխիկ շրջանառությունը:

Այլ որոշումներ. կստեղծվեն  բավարար և նպաստավոր պայմաններ կրթության իրականացման համար

ՀՀ կառավարության և Եվրոպական միության միջև 2016 թ.-ին ստորագրված «Որակավորումների բարելավում ավելի լավ աշխատատեղերի համար» համաձայնագրի շրջանակում նախատեսված միջին մասնագիտական գյուղատնտեսական ուսումնական հաստատությունների շինարարական աշխատանքների կազմակերպման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: Մասնավորապես,  գումար կհատկացվի Վանաձորի պետական գյուղատնտեսական քոլեջի մասնաշենքի շինարարական, Գեղարքունիքի մարզի Ն. Գետաշենի թիվ 1 միջնակարգ դպրոցին նախագծային աշխատանքների համար:

Գործադիրի հավանությանն է արժանացել Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Հարկաբյուջետային, տնտեսական և պետական հատվածի կառավարման զարգացման քաղաքականության վարկ» վարկային համաձայնագրի ստորագրման առաջարկությունը: Համաձայնագրով  նախատեսվում է Հայաստանի Հանրապետությանը տրամադրել բյուջետային աջակցության վարկ` 45.8 մլն եվրո գումարի չափով:  Նշված միջոցներն ուղղվելու են «ՀՀ 2019 թ. պետբյուջեի մասին» ՀՀ օրենքով սահմանված պակասուրդի ֆինանսավորմանը, ուստի վարկային միջոցների ժամանակին ստացումը կարևոր նշանակություն ունի պետական բյուջեի կատեգորիաներով նախատեսված ծախսերի ֆինանսավորման տեսանկյունից: Ծրագրի հիմնական նպատակներն են մրցակցության, առևտրի և որակի կանոնակարգերի և գործընթացների ամրապնդումը, հարկային համապատասխանության և կապիտալ ծախսերի արդյունավետության բարձրացումը, կոռուպցիայի դեմ պայքարի, արդարադատության և քաղաքացիական ծառայության գործունեության ամրապնդումը:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին