Կարևոր իրադարձություններ

Սոցապնախարարությունը բնակարանի գնման վկայագրեր կտրամադրի մանկատան 300 շրջանավարտների

07 Նոյեմբեր, 2019 12:46
Սոցապնախարարությունը բնակարանի գնման վկայագրեր կտրամադրի մանկատան 300 շրջանավարտների

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը բնակարանի գնման վկայագրեր կտրամադրի մանկատան շուրջ 300 շրջանավարտների, որոնց նկատմամբ պետությունն ունեցել է նման պարտավորություն՝ սկսած 2003 թ.: Այս մասին նախագիծն այսօր հավանության է արժանացել ՀՀ կառավարության կողմից: Այս մասին հայտնում են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից:

Բանն այն է, որ վերջին 16 տարիներին  պետությունը  չի կատարել կամ թերի է կատարել մանկատան  շրջանավարտներին  բնակարանով  ապահովելու իր պարտականությունները: Պետության և հասարակական կազմակերպությունների կողմից մանկատների շրջանավարտներին ցուցաբերվող ուշադրությունը կրել է դրվագային բնույթ և համակարգված չի եղել:

Մանկատան շրջանավարտներին բնակարաններ, հիմնականում, հատկացվել են սոցիալական  բնակարանային ֆոնդից՝ դրանց առկայության պարագայում, սակայն   մանկատան շրջանավարտները, հիմնականում, հրաժարվել են բնակվել այդ  բնակարաններում, շատերն էլ  փորձում են քողարկել այնտեղ բնակության փաստը:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացրած նախագծի համաձայն՝  իրավական, ֆինանսական և կազմակերպչական համապատասխան մեխանիզմների ներդրման միջոցով ՀՀ մանկատների 300 շրջանավարտների համար կստեղծվեն առավել բարենպաստ բնակարանային պայմաններ, կտրամադրվի հոգեբանական աջակցություն, որի համար, ըստ նախնական հաշվարկների, անհրաժեշտ է 1,900,000.0 հազար դրամ։

Մանկատան շրջանավարտներին բնակարանի գնման վկայագրեր կտրամադրվեն Հայաստանի Հանրապետության տարածքում 6.3 մլն դրամը չգերազանցող բնակարանների ձեռքբերման համար: Սեփական միջոցներ ներդնելու դեպքում՝ ծրագրի շահառուներն իրավունք ունեն ձեռք բերել 6,3 մլն ՀՀ դրամը գերազանցող արժեքով բնակարաններ:

Բացի այդ, որոշման համաձայն՝ ծրագրի շահառուները առաջնահերթության կարգով կընդգրկվեն զբաղվածության պետական ծրագրերում, քանի որ մանկատան շրջանավարտներն աշխատաշուկայում առավել խոցելի են համարվում, քանի որ, հիմնականում, չունեն համապատասխան կրթություն և հմտություններ:  Այս  խմբի համար առավել նպատակահարմար է  իրականացնել զբաղվածության ապահովման այնպիսի ծրագրեր, որոնց արդյունքում շահառուները  համապատասխան գիտելիքներ և հմտություններ  ստանալու  ճանապարհով  կտեղավորվեն աշխատանքի   կամ   հնարավորություն  կստանան ինքնուրույնաբար  ապահովել իրենք զբաղվածությունը:

 

Լրահոս

Դիտել ավելին