ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Սևան-Մարտունի ավտոճանապարհին տեղի ունեցած զինված միջադեպի առթիվ: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից:
Նախնական տվյալներով՝ 2019 թվականի նոյեմբերի 2-ին՝ ժամը 9:17-ի սահմաններում, Սևան-Մարտունի ավտոճանապարհի 39.2կ/մ հատվածում, Գուրգեն Հակոբյանին կյանքից զրկելու դիտավորությամբ, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, ինքնաձիգից կրակահերթ է արձակվել վերջինիս վարած «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենայի դիմացի և ձախ կողային հատվածի ուղղությամբ, որի հետևանքով Գուրգեն Հակոբյանն ստացել է կյանքի հետ անհամատեղելի հրազենային բազմաթիվ մարմնական վնասվածքներ, իսկ այդ պահին ավտոմեքենայում գտնվող ևս մեկ անձի՝ ծնված 1962 թվականին, պատճառվել է մարմնական վնաս:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով և 235-րդ հոդվածի 1-ին մասով: Ստեղծվել է քննչական խումբ, մշակվել քննչական պլան, առաջ քաշվել աշխատանքային վարկածներ։
Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու համար նշանակվել է դիակի դատաբժշկական, դատաքիմիական, դատակենսաբանական, դատահետքաբանական, դատաձգաբանական փորձաքննություններ:
Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի (անձանց) ինքնությունը պարզելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:
Հանձնարարություններ են տրվել Ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը: