Կարևոր իրադարձություններ

30 տոկոսով կբարձրանա քրեակատարողական համակարգի աշխատակիցների աշխատավարձը

22 Հոկտեմբեր, 2019 10:56
30 տոկոսով կբարձրանա քրեակատարողական համակարգի աշխատակիցների աշխատավարձը

Երևանում հոկտեմբերի 21-ին կայացել է Քրեակատարողական ծառայության 100-ամյակին և Քրեակատարողական ծառայողի օրվան նվիրված հանդիսավոր նիստը: Ինչպես հայտնեցին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վերջինին մասնակցել են ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, Քրեակատարողական ծառայության պետ Արթուր Գոյունյանը, Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը, Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը,  ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի պաշտոնակատար Դավիթ Բեգինյանը, Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը, Ազգային անվտանգության ծառայության, Ոստիկանության բարձրաստիճան պաշտոնատար անձինք, քրեակատարողական ծառայության ներկա և նախկին աշխատակիցներ, այլք:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը շնորհավորել է համակարգի աշխատակիցներին և, դիմելով նրանց, նշել, որ Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա հեղափոխության արդյունքում ձևավորված նոր իրավիճակը պահանջում է օրինական դաշտում անբասիր աշխատանք և նվիրում: Փոխվարչապետն ընդգծել է, որ Կառավարությունը հատուկ ուշադրության կենտրոնում է պահում քրեակատարողական համակարգում առկա խնդիրները և հետևողականորեն ձեռնամուխ է լինում դրանց լուծմանը: «Վստահեցնում եմ նաև, որ քրեակատարողական համակարգի աշխատակիցների սոցիալական ապահովության և պաշտպանության արդյունավետ երաշխիքների հետևողական կատարելագործումը գտնվելու է Կառավարության ուշադրության կենտրոնում»,- ասել է Տիգրան Ավինյանը։

Ռուստամ Բադասյանն առանձնացրել է ազատությունից զրկված անձանց համար հավասար պայմանների երաշխավորումը, քրեական ենթամշակույթի դեմ պայքարը նաև օրենսդրական հարթությունում տանելու նախաձեռնությունը, ինչպես նաև Ծառայության աշխատակիցների աշխատանքային պայմանների բարելավումը։ Վերջինի առումով նախարարը տեղեկացրել է, որ արդեն պատրաստ է նախագիծը և կա քաղաքական որոշում ՔԿԾ ծառայողների աշխատավարձը շուրջ 30 տոկոսով բարձրացնելու  վերաբերյալ:

 

Լրահոս

Դիտել ավելին