ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հրամանով իրենց ծառայողական պարտքը կատարելիս այսօր առավոտյան զոհված՝ Հայաստանի Հանրապետության ոստիկանության ՊՊԳՎ ոստիկան, ոստիկանության ավագ Տիգրան Առաքելյանը (հետմահու) և վիրավորում ստացած ոստիկան, ոստիկանության կրտսեր սերժանտ Ա.Հ.-ն ծառայողական պարտականությունները կատարելիս դրսևորած խիզախության համար պարգևատրվել են «Իրավակարգի ամրապնդման համար» մեդալով: Այս մասին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:
«Նման լպիրշ, հանդուգն հանցագործությունը ՀՀ դատախազությունը համարում է հարված նաև իր նկատմամբ՝ անհանդուրժելի համարելով պետական ծառայողի՝ դրանով իսկ պետության հանդեպ նմանատիպ որևէ ոտնձգություն, անգամ նման ոտնձգության որևէ փորձ: Նման դրսևորումները որևէ արդարացում ունենալ չեն կարող և պետք է ոչ միայն խստագույնս դատապարտվեն իրավապահ մարմինների և ողջ հասարակության կողմից, այլ նաև պետական և հասարակական ինստիտուտների կողմից իրականացվեն դրանից բխող՝ հանրային համապատասխան վարքագծի ձևավորմանն ուղղված համատեղ միջոցառումներ:
ՀՀ դատախազությունը՝ ի դեմս ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի, ողբերգական կորստի կապակցությամբ խորապես ցավակցում է Տիգրան Առաքելյանի ընտանիքի անդամներին, հարազատներին, գործընկերներին և Ոստիկանության ողջ անձնակազմին»,- ասված է ՀՀ գլխավոր դատախազության տարածած հաղորդագրության մեջ: