Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    475,5
    479

  • EUR

    525,5
    533,5

  • RUB

    7,41
    7,61

Կարևոր իրադարձություններ

 

Թուրքմենստանը հետաքրքրված է Հայաստանի հետ փոխշահավետ համագործակցության ընդլայնմամբ

11 Հոկտեմբեր, 2019 10:21
Թուրքմենստանը հետաքրքրված է Հայաստանի հետ փոխշահավետ համագործակցության ընդլայնմամբ

Մեկնարկել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Թուրքմենստան։

Աշխաբադում հոկտեմբերի 11-ի առավոտյան Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի հետ։

Թուրքմենստանի նախագահը ողջունել է Հայաստանի վարչապետին Աշխաբադում և կարևորել նրա այցը՝ և՛ երկկողմ, և՛ բազմակողմ հարաբերությունների խորացման հեռանկարները քննարկելու համատեքստում։

«Հարգելի Նիկոլ Վովայի,

թույլ տվեք ողջունել Ձեզ Թուրքմենստանում և շնորհակալություն հայտնել ԱՊՀ մասնակից պետությունների գագաթնաժողովին մասնակցելու մեր հրավերն ընդունելու համար։ Կարծում եմ՝ մենք ունենք լավ հնարավորություն քննարկելու մեր հետագա համագործակցության հարցերը՝ ի շահ մեր ժողովուրդների բարեկեցության ապահովման», – ասել է Թուրքմենստանի նախագահը։

Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը գոհունակություն է հայտնել հայ-թուրքմենական հարաբերությունների զարգացման ընթացքից և նշել, որ Թուրքմենստանը հետաքրքրված է Հայաստանի հետ փոխշահավետ համագործակցության, տարբեր ոլորտներում կապերի ընդլայնմամբ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ուրախ է այցելել Թուրքմենստան և առիթ ունենալ մտքեր փոխանակելու հայ-թուրքմենական փոխգործակցության ընթացքի և զարգացման շուրջ։

«Հարգելի Գուրբանգուլի Մյալիկգուլիևիի,

ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ՝ Թուրքմենստան այցելելու հրավերի և ջերմ ընդունելության համար։ Հաճելի է գտնվել Աշխաբադում։ Սա իմ առաջին այցն է Թուրքմենստան, որի ընթացքում հնարավորություն ունենք քննարկելու ոչ միայն բազմակողմ օրակարգին, այլև մեր երկկողմ գործակցությանը վերաբերող հարցեր։ Վստահ եմ՝ մեզ կհաջողվի քննարկել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր թեմաները», – ասել է Նիկոլ Փաշինյանը։

ՀՀ վարչապետը նշել է, որ Կենտրոնական Ասիայում Թուրքմենստանը Հայաստանի կարևոր գործընկերներից է, որի հետ մեր երկիրն ունի արդյունավետ, կառուցողական փոխհարաբերություններ, և բարձր մակարդակի քաղաքական երկխոսությանը համահունչ պետք է ակտիվացնել նաև տնտեսական համագործակցությունը։

Հայաստանի վարչապետը և Թուրքմենստանի նախագահն անդրադարձել են երկկողմ և բազմակողմ ձևաչափերով փոխգործակցության օրակարգին, տնտեսական կապերի և առևտրաշրջանառության աշխուժացմանը, տարբեր ոլորտներում առկա ներուժի իրացմանը վերաբերող հարցերի։ Քննարկվել են ածխաջրածինների ոլորտում համագործակցության հեռանկարները։ Զրուցակիցները համակարծիք են եղել, որ երկու ժողովուրդների բարեկամությունը կարևոր հիմք և ներուժ է՝ Հայաստան-Թուրքմենստան փոխհարաբերությունները սերտացնելու համար, և փոխադարձաբար պատրաստակամություն հայտնել՝ հնարավորինս խթանել համատեղ շահավետ ծրագրերն ու նախաձեռնությունները:

Կողմերը մտքեր են փոխանակել ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի գործունեության կարևորության, ԱՊՀ շրջանակում համագործակցության զարգացման և այլ հարցերի շուրջ։

 

 

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին