Կարևոր իրադարձություններ

Ռիգա-Երևան-Ռիգա թռիչքը կվերաբացվի

09 Հոկտեմբեր, 2019 18:40
Ռիգա-Երևան-Ռիգա թռիչքը կվերաբացվի

Լատվիայում ՀՀ պատվավոր հյուպատոսարանի աջակցությամբ կվերականգնվի Հայաստանի և Լատվիայի միջև ուղիղ օդային կապը։

«Զվարթնոց օդանավակայանի հետ համատեղ ջանքերով լատվիական AirBaltic ավիաընկերության ղեկավարության հետ տեղի ունեցած բանակցությունների արդյունքում 2020 թվականի մայիսից Ռիգա-Երևան-Ռիգա թռիչքը կվերաբացվի»,- Shabat.am-ի հետ զրույցում ասաց Լատվիայում ՀՀ պատվավոր հյուպատոս Արմեն Ղասաբօղլյանը։

Նրա խոսքով՝ երկու երկրների միջև ուղիղ չվերթը կխթանի առևտրաշրջանառությունը և կնպաստի տուրիզի զարգացմանը։

«Հայաստանում, օրինակ, շուտով բացվելու է լատվիական արտադրությամբ ապրանքների խանութ: Իհարկե, երկու պետությունների համագործակցությունն ավելի կամրապնդվի: Մենք ունենք բոլոր հնարավորությունները և կապերը, որպեսզի այնպես անենք, որ հայկական և լատվիական տուրիստական ընկերությունները համագործակցեն իրար հետ․ դա իմ առաքելությունն է»,- նշեց Արմեն Ղասաբօղլյանն ու հավելեց, որ անելիքներ դեռ շատ կան․

«Իրենք չեն ուզում դատարկ չվերթ ունենալ, քանի որ դատարկ չվերթը գումարային մեծ կորուստ է, ուստի ամեն ինչ պետք է անենք, որ տուրիստական ընկերությունների միջև կարողանանք կապերը ամրապնդել և էժան փաթեթներ լինեն»,- հավելեց նա։

Նշենք, որ Ռիգա-Երևան-Ռիգա երթուղով չվերթները կիրականացվեն շաբաթական երկու անգամ։

 

 

Լրահոս

Դիտել ավելին