Կարևոր իրադարձություններ

Ի՞նչ ընթացակարգով եւ ի՞նչ ժամկետներում է ՍԴ–ն քննելու Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցը

04 Հոկտեմբեր, 2019 16:53
Ի՞նչ ընթացակարգով եւ ի՞նչ ժամկետներում է ՍԴ–ն քննելու Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցը

Ազգային ժողովն այսօր՝ հոկտեմբերի 4-ին, փակ գաղտնի քվեարկության ընդունեց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու նախագիծը։  Նախագծին կողմ քվեարկած «Իմ քայլը» եւ «Լուսավոր Հայաստան»  խմբակցության պատգամավորները հայտարարում են՝ գնդակն այժմ Սահմանադրական դատարանի դաշտում է։

Նախ նշենք, որ ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն՝ Ազգային ժողովի նախագահը Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին Ազգային ժողովի որոշումն ստորագրում եւ հրապարակում է անհապաղ:

Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան ներկայացված դիմումը կարող է հետ վերցվել Ազգային ժողովի որոշմամբ, որի նախագիծը ներկայացնելու իրավունք ունի խմբակցությունը:

Իսկ թե ի՞նչ ընթացակարգով եւ ի՞նչ ժամկետներում հարցը պետք է քննարկի ՍԴ–ն՝ ամրագրված է «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքում։

Սահմանադրական դատարանի մասին ՀՀ օրենքի 83-րդ հոդվածի համաձայն՝  դիմումը քննության ընդունելու պահից Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունները կասեցվում են մինչեւ դատաքննության ավարտը: Սահմանադրական դատարանի այն դատավորը, որի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ գործ է քննվում, դատավարությանը ներգրավվում է բացառապես որպես պատասխանող:

Նկատենք, որ այս գործով ապացուցման բեռը պետք է կրի դիմող կողմը:

Դիմումի մուտքագրման օրվանից 30 օր հետո Սահմանադրական դատարանն ընդունում է հետեւյալ որոշումներից որեւէ մեկը.

1) Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունները դադարեցնելու մասին.

2) դիմումը մերժելու մասին։

Սահմանադրական դատարանի պատճառաբանված աշխատակարգային որոշմամբ նշված ժամկետը կարող է երկարաձգվել, բայց ոչ ավելի, քան 50 օրով:

Իսկ եթե օրենքով սահմանված ժամկետում դիմող կողմը հրաժարվում է դիմումից, եւ Սահմանադրական դատարանի դատավորը եռօրյա ժամկետում չի առարկում դրա դեմ, ապա գործի վարույթը ենթակա է կարճման:

Հիշեցնենք, որ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու նախաձեռնության հեղինակը «Իմ քայլը» խմբակցությունն է: Նախօրեին Հրայր Թովմասյանը հանդես էր եկել հայտարարությամբ եւ նշել, որ այս նախաձեռնությունը ունի քաղաքական եւ սուբյեկտիվ նպատակաուղղվածություն: Նա հրաժարվել է մասնակցել ԱԺ-ում այդ հարցի քննարկմանը: Հրայր Թովմասյանը ՍԴ նախագահ է ընտրվել 2018թ.–ի փետրվարին։

 

Լրահոս

Դիտել ավելին