Կարևոր իրադարձություններ

Հայաստանի ԱԳՆ խոսնակն արձագանքել է Սերգեյ Լավրովի հայտարարություններին

03 Հոկտեմբեր, 2019 17:35
Հայաստանի ԱԳՆ խոսնակն արձագանքել է Սերգեյ Լավրովի հայտարարություններին

Հայաստանի ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը մեկնաբանել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի ԼՂ հակամարտության մասին որոշ հայտարարությունները, մասնավորապես՝ «Արցախը Հայաստան է եւ վերջ», «չեն նպաստում քաղաքական գործընթացի վերականգնման համար համապատասխան մթնոլորտի ձեւավորմանը»:

ԱԳՆ արձագանքում ասվում է.

«Հայաստանը եղել եւ մնում է աջակից ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափին, որի անաչառ եւ անկողմնակալ միջնորդությունը խաղաղ կարգավորման, այս հարցում համանախագահ երկրների միջեւ միասնության պահպանման գրավականն է:

Միեւնույն ժամանակ կարեւոր ենք համարում, որ միջնորդներից յուրաքանչյուրը խուսափի ընտրովի եւ միակողմանի բնույթ կրող գնահատականներից:

Վերահաստատում ենք ԱԳՆ օգոստոսի 6-ի հայտարարությունը: Հայկական կողմի դիրքորոշումը հստակորեն արտահայտված է ՀՀ վարչապետի բոլոր ելույթներում, ներառյալ՝ սեպտեմբերի 24-ին ՄԱԿ ամբիոնից հնչեցված խոսքում, որը վերահաստատեց խաղաղության եւ փոխզիջման հասնելու Հայաստանի առաջարկած բանաձեւը: Այդ առումով անընդունելի ենք համարում Ադրբեջանի անկարողությունը հրապարակայնորեն արտահայտվել խաղաղ կարգավորման այնպիսի լուծումների մասին, որոնք ընդունելի կլինեն Հայաստանի, Արցախի եւ Ադրբեջանի ժողովուրդների համար:

Ադրբեջանի կողմից բանակցությունների արդյունքները միակողմանիորեն կանխորոշող պնդումներմ առ այն, որ հիմնախնդիրը պետք է կարգավորվի «բացառապես Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում», չի նպաստում խաղաղ գործընթացի առաջմղման համար համապատասխան մթնոլորտի ձեւավորմանը»:

ԱԳՆ-ն արձագանքել է նաեւ ՌԴ ԱԳ նախարարի հայտարությունը դիակների փոխանակման, ինչպես նաեւ փոքրաթիվ քանակությամբ կալանքի մեջ գտնվող անձանց փոխանակման մասին:

«Դիակների փոխանակում տեղի չի ունեցել, այլ արցախյան կողմը, որպես մարդասիրական քայլ, թույլ է տվել Ադրբեջանի ԶՈՒ ծառայողի դիակի տարհանում:

Պետք է հստակ ամրագրենք, որ Հայաստանը կողմերի տարածքում կալանքի մեջ գտնվողների փոխանակում չի դիտարկում, այլ հանդես է գալիս հումանիտար իրավունքի շրջանակներում յուրաքանչյուր առանձին դեպքի հասցեագրման դիրքերից»:

 

Լրահոս

Դիտել ավելին