Կարևոր իրադարձություններ

«Անգամ Հայաստանն ու Ռուսաստանն այն չեն ընդունում». Թուրքիայում կոչ են անում չեղարկել Ստամբուլյան կոնվենցիան

01 Հոկտեմբեր, 2019 17:26
«Անգամ Հայաստանն ու Ռուսաստանն այն չեն ընդունում». Թուրքիայում կոչ են անում չեղարկել Ստամբուլյան կոնվենցիան

Թուրքական «Թուրքիայի ընտանիքի մեջլիս» կազմակերպության նախագահ Ադամ Չևիքը «Ենիաքիթ» թերթին տված հարցազրույցում Թուրքիայի խորհրդարանին կոչ է արել չեղարկել Ստամբուլյան կոնվենցիան:

«Պետք է նայել այն երկրներին, որոնք չեն ընդունում այս կոնվենցիան: Անգամ Հայաստանն ու Ռուսաստանն այն չեն ընդունում: Թուրք ժողովրդի կամքն է, որ Ստամբուլյան կոնվենցիային ասենք ո՛չ»-նշել է Չևիքը:  

Նա հիշեցրել է, որ Ստամբուլյան կոնվենցիայի 80-րդ հոդվածով հնարավոր է միակողմանի չեղարկել կոնվենցիան:

«Այս կոնվենցիան, որը մերժեցին անգամ Հայաստանն ու Ռուսաստանը, խորհրդարանի նստաշրջանի բացվելուն պես պետք է չեղարկել: Միայն անցած տարի 358 000 տղամարդիկ քշվել են իրենց տներից՝ զուտ իրենց կանանց հայտարարությունների հիման վրա»,- ասել է նա:

Ըստ նրա՝ խորհրդարանում պետք է «Ընտանիքի հարցերով հանձնաժողով» բացվի, և 2020 թվականը պետք է հայտարարվի ընտանիքի տարի:

«Ալիմենտի չվճարման համար ազատազրկումն ու երեխաների համար գին վճարելը պետք է կասեցվի»,-հավելել է Չևիքը:  

Ստամբուլի կոնվենցիան (պաշտոնական անվանումը՝ «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման ու դրա դեմ պայքարի մասին կոնվենցիա») Եվրոպայի խորհրդի միջազգային համաձայնագիր է, որի նպատակ է հռչակվել կանանց և ընտանեկան բռնության կանխարգելումն ու պայքարը։

 

Լրահոս

Դիտել ավելին