Կարևոր իրադարձություններ

Հեռանալուս պատճառների մասին կխոսեմ հետագայում. Վալերիյ Օսիպյանն ազատվեց ոստիկանապետի պաշտոնից

18 Սեպտեմբեր, 2019 14:08
Հեռանալուս պատճառների մասին կխոսեմ հետագայում. Վալերիյ Օսիպյանն ազատվեց ոստիկանապետի պաշտոնից

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Վալերի Օսիպյանին ոստիկանության պետի պաշտոնից ազատելու մասին։

Համապատասխան հրամանագիրը տեղադրվել է ՀՀ նախագահի կայքում։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի.
Վալերիյ ՕՍԻՊՅԱՆԻՆ ազատել Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի պաշտոնից»,-ասված է հրամանագրի տեքստում:

Արդեն նախկին ոստիկանապետը հայտարարությամբ է հանդես եկել.

ՀՀ ոստիկանության պետի պաշտոնին հրաժեշտ տված Օսիպյանը հայտարարությամբ է հանդես եկել, որում, մասնավորապես, ասված է.

«Ես ողջ կյանքում ծառայել եմ պետությանն ու ժողովրդին, օրենքին ու արդարադատությանը՝ բացառապես ուղենիշ ու չափորոշիչ ունենալով սպայի պատիվն ու արժանապատվությունը: Այսուհետ էլ շարունակելու եմ ծառայել իմ ժողովրդին սկզբունքի ու բարոյականության նույն չափանիշներով: Հեռանալուս պատճառների մասին կխոսեմ հետագայում:

Իսկ այսօր ցանկանում եմ շնորհակալությունս հայտնել հայ ժողովրդին ոստիկանի աշխատանքը գնահատելու և իրականացված փոփոխություններն արժեվորելու համար, շնորհակալություն համակարգի ողջ անձնակազմին՝ շարքայինից մինչև գեներալ, շնորհակալություն ոստիկանության զորքերին, շնորհակալություն ոստիկանության պետին կից հասարակական խորհրդին, ԶԼՄ-ներին՝ պետության համար բարդ և պատասխանատու փուլում մեր կողքին կանգնելու համար:

Շնորհակալություն բոլոր նրանց, ում հետ երկար ու դժվար ճանապարհ եմ անցել մեր ազնիվ ծառայությունն իրականացնելու գործում: Մաղթում եմ բոլորին բարի ու անձնվեր ծառայություն, անսասան հավատարմություն սպայի պատվին ու արժանապատվությանը, որոշում կայացնելու վճռականություն և պատրաստակամություն:

Շնորհակալ եմ բոլորին պրոֆեսիոնալ և անմնացորդ ծառայության համար:

Պատիվ ունեմ»:

 

Լրահոս

Դիտել ավելին