Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    476
    479,5

  • EUR

    521,5
    529,5

  • RUB

    7,37
    7,57

Կարևոր իրադարձություններ

 

Տորոնտոյի կինոփառատոնին լեփ-լեցուն դահլիճում կայացել է «Մենակ չեմ/ I Am Not Alone» ֆիլմի համաշխարհային պրեմիերան

09 Սեպտեմբեր, 2019 11:48
Տորոնտոյի կինոփառատոնին լեփ-լեցուն դահլիճում կայացել է «Մենակ չեմ/ I Am Not Alone» ֆիլմի համաշխարհային պրեմիերան

Տորոնտոյի միջազգային կինոփառատոնի (TIFF) շրջանակներում սեպտեմբերի 7-ին  լեփ-լեցուն դահլիճում կայացել է  Հայկական թավշյա հեղափոխության մասին պատմող «Մենակ չեմ/ I Am Not Alone» վավերագրական ֆիլմի համաշխարհային պրեմիերան, որին մասնակցել է ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը։

Ինչպես հայտնեցին Աննա Հակոբյանի գրասենյակից, TIFF-ի վավերագրական ֆիլմերի ընտրության համակարգող Թոմ Փաուերսը նշել է, որ ֆիլմը պարտադիր դիտելու է բոլոր նրանց համար, ովքեր «ցանկանում են ըմբռնել պատմական թարմ իրադարձությունները»։

Տորոնտոյի «Scotiabank» թատրոնում ֆիլմի ցուցադրությանը ներկա էին ֆիլմի հեղինակները՝ ռեժիսոր Կարին Հովհաննիսյանը, պրոդյուսեր Էրիկ Էսրաիլյանը,  գործադիր պրոդյուսեր, ֆիլմի երաժշտության հեղինակ Սերժ Թանկյանը, Կանադայում Հայաստանի դեսպան Անահիտ Հարությունյանը, Կանադայում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը, կինոսիրողներ, կինոաշխարհի, Կանադայի հայ համայնքի ներկայացուցիչներ։

«Ձեզ համար այս ֆիլմը գուցե ներկայանա որպես քաղաքական թրիլլեր կամ կրթական մեծ արժեք ունեցող դրամա, սակայն ինձ համար սա իրապատում հեքիաթ է»,- ասել է ֆիլմի ռեժիսոր Կարին Հովհաննիսյանը։ Դիմելով ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանին՝ նա նշել է. «Մենք շնորհակալ ենք Ձեզ և Ձեր ընտանիքին այն հեքիաթի համար, որ պարգևեցիք մեզ։ Ես ուզում եմ Դուք գնաք և լուրը տանեք Հայաստան, որ հեղափոխությունը լավ ձեռքերում է, որ մենք այն շարունակելու ենք, որ մենք այն ներկայացնելու ենք աշխարհին»։

Հոտնկայս ծափահարություններով ընդունված ֆիլմի ցուցադրության ավարտին բեմ են հրավիրվել ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, Կարին Հովհաննիսյանը, Սերժ Թանկյանը, ինչպես նաև ֆիլմի պրոդյուսեր Էրիկ Էսրաիլյանը, խմբագիր Բարրի Պոլտերմանը, գործադիր պրոդյուսեր Դեն Բրաունը՝ պատասխանելու լսարանի հարցերին։

«Մեծ ոգևորություն ապրեցի՝ դիտելով ֆիլմը։ Այն, ինչ արել է մեր ժողովուրդը, արժանի է աշխարհին ներկայացվելու։ Այս ֆիլմը, վստահ եմ, դա հրաշալի կանի»,- ասել է Աննա Հակոբյանը։ Նա նշել է, որ Թավշյա հեղափոխության հրաշքը հնարավոր է դարձել նաև Հայաստանի կանանց մեծ ու վճռական մասնակցության շնորհիվ։

Սերժ Թանկյանն ընդգծել է ֆիլմի կարևորությունը. «Այս ֆիլմը եզակի է, քանի որ պարունակում է աշխարհի ցանկացած կետում ապակենտրոնացված քաղաքացիական անհնազանդության միջոցով առաջադեմ փոփոխություն բերելու գաղտնի բանալին»,- ասել է նա։

Տորոնտոյի կինոփառատոնի շրջանակներում «Մենակ չեմ» ֆիլմի երկրորդ ցուցադրությունը տեղի է ունենալու սեպտեմբերի 9-ին, ևս մեկը՝ սեպտեմբերի 15-ին միևնույն՝ «Scotiabank» թատրոնում։   

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին