Կարևոր իրադարձություններ

Մեղադրանք առաջադրվեց Գյումրու «Դվին» ռեստորանի մենեջերին, խոհարարին եւ խոհարարի օգնականին

06 Սեպտեմբեր, 2019 20:06
Մեղադրանք առաջադրվեց Գյումրու «Դվին» ռեստորանի մենեջերին, խոհարարին եւ խոհարարի օգնականին

Գյումրու «Դվին» ռեստորանային համալիրում արձանագրված սննդային թունավորման գրծով մեղադրանք է առաջադրվել ռեստորանի մենեջերին, խոհարարին, խոհարարի օգնականին: Նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 279 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցագործություններ կատարելու համար: Այն է՝ «Անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկել կամ իրացնելը, աշխատանքներ կատարելը կամ ծառայություններ մատուցելը», 2-րդ կետը՝ անզգուշությամբ վնաս է պատճառվել 2 կամ ավելի անձանց առողջությանը:

Հիշեցնենք, որ Գյումրու ռեստորանում կազմակերպված միջոցառուման ժամանակ, օգոստոսի 31-ին 19:50-ի դրությամբ հոսպիտալացվել էր 46 քաղաքացի, նրանցից 9-ը` մինչև 18 տարեկան, որոնք, ստանալով համապատասխան բժշկական միջամտություն, դուրս են գրվել հիվանդանոցից:

Առողջապահության նախարարությունն ավելի վաղ տեղեկացրել էր, որ հետազոտված պատրաստի սննդի 21 նմուշից 3-ում (աղցաններ՝ հավի մսով եւ սնկով, հավի մսով եւ եգիպտացորենով, «Կեսար») անջատվել է ոսկեգույն ստաֆիլակոկ: Ոսկեգույն ստաֆիլակոկ է հայտնաբերվել նաև հիվանդներից վերցված կղանքի և փսխման զանգվածներից:

Ռեստորանի տնօրեն Սարգիս Սարգսյանը ՀԺ-ի հետ զրույցում ասաց խոհարարին, մենեջերին եւ խոհարարի օգնականին է մեղադրանք առաջադրված, իրեն դեռ հարցաքննության չեն հրավիրել: Միեւնույն ժամանակ պնդեց, որ աշխատակիցները ժամանակին անցել են համապատասխան բուժզննում, ունեն առողջական վիճակների մասին վկայող բոլոր փաստաթղթերը՝ սանիտարական գրքույկներ եւ այլն:

Ի դեպ, օգոստոսի 31-ին Շիրակի դատախազ Կարեն Գաբրիելյանի հանձնարարությամբ ժամանակավորապես դադարեցվել է «Դվին» ռեստորանային համալիրի գործունեությունը: Դադարեցված է նաեւ խոհանոցի գործունեությունը: Սարգիս Սարգսյանը զրույցի ժամանակ փաստեց, որ դադարեցված է միայն ռեստորանի մեկ սրահի աշխատանքը, որտեղ տեղի էր ունեցել մասսայական թունավորումը: Մյուս երկու սրահներն աշխատում են, սնունդը մատուցվում է այլ խոհանոցից, այլ խոհարարների կողմից:

 

 

Լրահոս

Դիտել ավելին