Կարևոր իրադարձություններ

Զրո հանդուրժողականություն քրեական ենթամշակույթ կրող խմբավորումների նկատմամբ

02 Սեպտեմբեր, 2019 14:04
Զրո հանդուրժողականություն քրեական ենթամշակույթ կրող խմբավորումների նկատմամբ

Քրեական ենթամշակույթի դեմ պայքարը պայմանավորված է այդպիսի ենթամշակույթի դեմ մղվող պայքարի սոցիալական անհրաժեշտությամբ:

«Կառավարությունը ընդունեց քրեական ենթամշակույթ ստեղծելը քրեականացնող օրինագիծ. իրավական գնահատականներ» թեմայով ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Արդարադատության նախարարության քրեակատարողական քաղաքականության մշակման բաժնի պետ Արփի Սարգսյանը:

«Խնդիրը բոլորովին պայմանավորված չէ ինչ-ինչ ժամանակահատվածում տեղի ունեցած իրադարձություններով: Քրեական ենթամշակույթի դեմ պայքարը առհասարակ պայմանավորված է այդպիսի ենթամշակույթի դեմ մղվող պայքարի սոցիալական անհրաժեշտությամբ, որովհետև քրեական ենթամշակույթ կրող խմբավորումները կամ քրեական ենթամշակույթին հարողները, ըստ էության, շեղվում են պետության կողմից սահմանված համապարտադիր վարքագծի կանոններից և իրենք են սահմանում իրենց ուրույն կանոնները, որոնցով էլ նրանք առաջնորդվում են գործունեության ընթացքում: Այսպիսի խմբավորումները նաև սպառնում են մեր հասարակական անվտանգությանը, որովհետև, ի վերջո, եթե պետության ներսում ստեղծվում են պետության կողմից սահմանված վարքագծի կանոններից տարբերվող վարքագծի կանոններով առաջնորդվող խմբավորումներ, ապա սա ոչ այլ ինչ է, եթե ոչ վտանգ քաղաքացիների, հասարակության և պետության կենսական շահերի նկատմամբ»,- ընդգծեց Սարգսյանը:

Արդարադատության նախարարության քրեակատարողական քաղաքականության մշակման բաժնի պետը կարևորեց այն, որ առաջին անգամ Հայաստանի Հանրապետությունում գործնական քայլ է արվում քրեական ենթամշակույթի դեմ պայքարը և պետական մակարդակով դրսևորվում է քաղաքական կամք. զրո հանդուրժողականություն ցուցաբերել քրեական ենթամշակույթ կրող խմբավորումների նկատմամբ:

«Պետք է նշեմ, որ քրեականացումը միայն ինքնին բավարար պայման չէ, որպեսզի կարողանանք ասել հետագայում, որ, այո, մենք հաջողել ենք քրեական ենթամշակույթի դեմ պայքարում: Այս նախագիծը ոչ թե բավարար է, այլ անհրաժեշտ է ունենալ քաղաքացիական հասարակությունում, որպեսզի կարողանանք պայքարն արդյունավետ մղել քրեական ենթամշակույթ կրող խմբավորումների դեմ»,- եզրափակեց Սարգսյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին