Կարևոր իրադարձություններ

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետն այցելել է հյուսիս-արևելյան սահմանագոտի

19 Օգոստոս, 2019 18:34
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետն այցելել է հյուսիս-արևելյան սահմանագոտի

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը օգոստոսի 17-ին աշխատանքային այցով եղել է հանրապետության հյուսիսարևելյան սահմանագոտում տեղակայված զորամասերում: 

Այս մասին տեղեկացնում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: 

Գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանին զեկուցվել է սահմանագոտում տիրող օպերատիվ իրավիճակի, անձնակազմի ֆիզիկական, մարտական ու բարոյահոգեբանական պատրաստության մակարդակի, մարտական հերթապահության կրման պայմանների, առաջնագծում իրականացված ինժեներական և ամրաշինական աշխատանքների, ստորաբաժանումներին առաջադրված խնդիրների մասին:

Այցի ընթացքում ԶՈՒ գլխավոր շտաբի պետի կողմից ստուգվել է ստորաբաժանումների անձնակազմի նոր դաշտային հանդերձանքը, որն առավել արդյունավետ կդարձնի զինծառայողների գործողությունները մարտական խնդիրներ կատարելիս:

Ստուգվել են նաև նոր կառուցված պահեստներում պահեստավորված զենքերն ու զինամթերքը:

Առաջնահերթ լուծում պահանջող հարցերի վերաբերյալ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը հանձնարարականներ է տվել պատասխանատու ստորաբաժանումների հրամանատարներին:

 

 

Լրահոս

Դիտել ավելին