ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը օգոստոսի 6-ին այցելել է Արցախի Քաշաթաղի շրջանի Սոնասար համայնք։ Քաշաթաղի վարչակազմի ղեկավար Ստեփան Սարգսյանի, համայնքի ղեկավար Անդրանիկ Կյուրեղյանի և դպրոցի տնօրեն Արտյոմ Ղազարյանի ուղեկցությամբ Աննա Հակոբյանը եղել է համայնքի նորաբաց «Գիտունիկ» մանկապարտեզում և Սոնասարի Սամսոն Կյուրեղյանի անվան միջնակարգ դպրոցում։ Այս մասին հայտնում է Աննա Հակոբյանի գրասենյակը:
Դպրոցում վարչապետի տիկինը նախ այցելել է կրթօջախի անունը կրող Արցախյան ազատամարտիկ Սամսոն Կյուրեղյանի անկյուն, ծանոթացել ազատամարտիկի կյանքի պատմությանը, դպրոցի գործունեությանը։
«Շնորհակալության կարիք չի։ Դա նորմալ է, որ համայնքը պետք է մանկապարտեզ ունենա, աննորմալ էր, որ 30 տարի է համայնքը չուներ մանկապարտեզ։ Պետությունը պարտավոր է դա անել։ Դուք հերոսներ եք, որ ապրում եք այստեղ, որ կառչած եք ձեր հող ու ջրին։ Ոչ թե դուք պետք է շնորհակալություն հայտնեք, այլ պետությունը պետք է շնորհակալություն հայտնի Ձեզ ձեր կատարած աշխատանքի համար»,- ասել է Աննա Հակոբյանը։
Այնուհետև վարչապետի տիկինն այցելել է Սամսոն Կյուրեղյանի 94-ամյա մորը՝ Հայկանդուխտ Կյուրեղյանին։ Հուլիսին, Սոնասարի մանկապարտեզի բացման արարողության ժամանակ տիկին Հայկանդուխտը «Իմ քայլը» հիմնադրամի աշխատակիցներին փոխանցել էր, որ շատ է ցանկանում հանդիպել Աննա Հակոբյանին։ Վարչապետի տիկինն էլ խոստացել էր, որ Արցախ այցելության ժամանակ անպայման կհանդիպի Հայկանդուխտ տատիկին։ Ջերմ մթնոլորտում Աննա Հակոբյանը պատմել է Արցախ այցելության մասին, տիկին Հայկանդուխտն էլ պատմել է ազատամարտիկ որդու կյանքի պատմությունը, ներկայացրել Սոնասարում իր առօրյան, թոռների ու ծոռների հաջողությունները։