Կարևոր իրադարձություններ

Նախագահը հյուրընկալվել է Գուգարաց թեմում և «Ծիծեռնակ» ճամբարում

21 Հուլիս, 2019 20:30
Նախագահը հյուրընկալվել է Գուգարաց թեմում և «Ծիծեռնակ» ճամբարում

 Լոռու մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հուլիսի 21-ին հյուրընկալվել է Հայ առաքելական եկեղեցու Գուգարաց թեմի առաջնորդարանում։ Թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը ներկայացրել է շենքի պատմությունը (1895 թվականին կառուցված այս շենքը եղել է հայազգի մեծահարուստ Թայիրովի ամառանոցը), պատմել Գուգարաց թեմի աշխատանքների և իրականացվող ծրագրերի մասին։

Այնուհետև Հանրապետության նախագահը և արքեպիսկոպոս Չուլջյանն այցելել են Գուգարաց թեմի «Ծիծեռնակ» ճամբար, որն այս օրերին Վանաձորում է համախմբել Շիրակի մարզի, Ջավախքի, Ալավերդու ու Ստեփանավանի մի խումբ դպրոցականների։

Ինչպես տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, ճամբարականները հյուրերին դիմավորել են ազգային երգ ու պարով։

«Մեկ ազգ, մեկ հայրենիք, մեկ եկեղեցի» կարգախոսով կազմակերպող ճամբարում երեխաներին ուսուցանվում է ազգային արհեստ ու արվեստ։ Ճամբարականների համար այդ նպատակով կազմակերպվում են նկարչության, ռոբոտաշինության, ոսկերչության և այլ վարպետության դասեր, ինչպես նաև ազգային երգ ու պարի դասընթացներ։ Արմեն Սարգսյանը շրջել է ճամբարում, ծանոթացել պայմաններին, զրուցել երեխաների հետ։ Նրանք նախագահին ցույց են տվել իրենց ձեռքի աշխատանքները։ 

 

 

Լրահոս

Դիտել ավելին