Կարևոր իրադարձություններ

Ամենամեծ կանխամտածված սպանության գործողությունը XX դարում. Իսրայելի դեսպանը՝ Ցեղասպանության մասին

10 Հուլիս, 2019 21:57
Ամենամեծ կանխամտածված սպանության գործողությունը XX դարում. Իսրայելի դեսպանը՝ Ցեղասպանության մասին

 Հայաստանում Իսրայելի նորանշանակ դեսպան Էլիավ Բելոցերկովսկին 1915-ին Թուրքիայում հայերի կոտորածները համարում է 20-րդ դարի պատմության ամենամեծ կանխամտածված սպանության գործողությունը: Դեսպանը նման տեսակետ հայտնեց Երևանում Իսրայելի անկախության 71-րդ տարեդարձի կապակցությամբ կազմակերպված ընդունելությանը` լրագրողների հետ զրույցում անդրադառնալով լրագրողի հարցին`Իսրայելը չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, հնարավո՞ր է արդյոք փոփոխություն լինի, մանավանդ այն պարագայում, երբ դեսպանը այցելել է Ծիծեռնակաբերդ:

«Դա սարսափելի ողբերգություն էր,դա 20-րդ դարի պատմության և մարդկության պատմության ամենամեծ կանխամտածված սպանությունն էր: Հրեաները, հատկապես, այն մարդիկ, ովքեր ապրում են Իսրայելում, շատ ակտիվ հանդես են գալիս դրա դեմ, և դա նաև քննարկվել է մեր խորհրդարանում»,- ասաց դեսպանը:

Լրագրողը նկատեց, որ դեսպանը չի օգտագործում ցեղասպանություն բառը, և դեսպանը նշեց, որ դա բառի որոնման հարց չէ: Նա շեշտեց, որ իսկապես սարսափելի ողբերգություն է, պետք է քննարկել այդ պատմությունն ու ուսումնասիրել դա, որ նման  ողբերգություններ չկրկնվեն:

Անդրադառնալով հարցին, թե Ադրբեջանի հետ հարաբերություններն արդյոք չե՞ն խանգարի համագործակցությանը՝ նա նշեց, որ Իսրայելը, ինչպես Հայաստանը ունի իր հետաքրքրությունները, իր հարաբերությունները շատ երկրների հետ, և այդ հարաբերությունները բաղկացած են տարբեր բաղադրիչներից: Դեսպանը դա միանգամայն նորմալ համարեց: «Մենք Հայաստանի հետ հարաբերությունները տեսնում ենք որպես առաջնային և կամրապնդենք որքան հնարավոր է ավելի շատ»,- շեշտեց դեսպանը:

 

Լրահոս

Դիտել ավելին