Կարևոր իրադարձություններ

ՀԱՊԿ-ում մտահոգված են. ղարաբաղյան հակամարտության չկարգավորված լինելը եւ ՆԱՏՕ-ի զորավարժությունները լարվածությունը մեծացնում են

04 Հուլիս, 2019 18:10
ՀԱՊԿ-ում մտահոգված են. ղարաբաղյան հակամարտության չկարգավորված լինելը եւ ՆԱՏՕ-ի զորավարժությունները լարվածությունը մեծացնում են

ՀԱՊԿ անդամ երկրներում մտահոգված են ղարաբաղյան հակամարտության չկարգավորված լինելով եւ ՀԱՊԿ սահմաններին մոտ անցկացվող ՆԱՏՕ–ի զորավարժությունների հաճախականությամբ: Այս մասին այսօր «Sputnik Արմենիա» մամուլի կենտրոնում կայացած ասուլիսում հայտարարեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը։

Նա ասաց, որ ՀԱՊԿ-ում կայացվող որոշումները ուղիղ համեմատական են աշխարհաքաղաքական զարգացումներին եւ ՀԱՊԿ պատասխանատվության գոտում ռազմաքաղաքական իրադրությանը: Տվյալ նիստում հստակեցվել են կառույցի անելիքները 2020 թվականի կտրվածքով, նաեւ հստակեցումներ են մտցվել 2019-ի ծրագրերում:

2019-ին, ՀԱՊԿ անդամ չորս երկրներում`ՌԴ, Բելառուս, Ղրղզստան եւ Տաջիկստան, կանցկացվեն զորավարժություններ: Այդ զորավարժություններին, ընդհանուր առմամբ, կմասնակցի 12 հազար մարդ: Բիշքեկում մայիսին կայացել էր ՀԱՊԿ անդամ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստ: Ամփոփելով նիստի արդյունքները, բանախոսն ասաց, որ ՀԱՊԿ անդամ երկրների ուշադրության կենտրոնում են, մասնավորաբար, Աֆղանստանում տիրող իրավիճակն ու դրա ազդեցությունը Կենտրոնական Ասիայի վրա։

Վալերի Սեմերիկովի գնահատմամբ, Կովկասյան ուղղությամբ պահպանվում է լարվածությունը` կապված ղարաբաղյան հակամարտության կարգավորված չլինելու հետ, ինչպես նաեւ, Վրաստանի տարածքում ՆԱՏՕ–ի ռազմական հաստատման գործընթացի եւ հաճախակի դարձած զորավարժությունների պատճառով:

ՀԱՊԿ–ին անհանգստացնում է նաեւ Արեւելյան Եվրոպայում, Ռուսաստանի եւ Բելառուսի սահմանների մոտ ՆԱՏՕ–ի զորավարժությունների հաճախականությունը։ Ըստ նրա, բիշքեքյան նիստում, որոշումներ են ընդունվել`ուղղված ընթացիկ սպառնալիքների եւ մարտահրավերների չեզոքացմանը։

Այս համատեքստում նա կարեւոր է համարում ՀԱՊԿ անդամ երկրների գործունեության արտաքին քաղաքական համակարգումը։ 


 

Լրահոս

Դիտել ավելին