Կարևոր իրադարձություններ

ՀՀ փոխվարչապետն Իրանի նախագահի հետ քննարկել է էներգետիկ ոլորտում համագործակցության հարցեր

03 Հուլիս, 2019 18:30
ՀՀ փոխվարչապետն Իրանի նախագահի  հետ քննարկել է էներգետիկ ոլորտում համագործակցության հարցեր

 Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջկառավարական համատեղ հանձնաժողովի նիստին մասնակցելու նպատակով Թեհրանում գտնվող ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպել էլ Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ: 

Ինչպես տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից, 
փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել Իրանի նախագահին ջերմ ընդունելության համար: Նշելով, որ Հայաստանի և Իրանի միջև հարաբերությունները հիմնված են պատմական բարեկամական կապերի և փոխվստահության վրա՝ փոխվարչապետը հույս է հայտնել, որ դրանք ավելի կամրապնդվեն և կընդլայնվեն համատեղ ջանքերով: 

Մհեր Գրիգորյանը Իրանի նախագահին տեղեկացրել է, որ հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի նիստն անցել է կառուցողական մթնոլորտում, պայմանավորվածություններ են ձեռք բերվել երկու երկրների փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ոլորտներում համագործակցության ընդլայնման վերաբերյալ: 

Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Իրանի միջև համագործակցության զարգացման ևս մեկ խթան հանդիսացող ԵԱՏՄ անդամ երկրների և Իրանի միջև ազատ առևտրի գոտու ստեղծմանն ուղղված ժամանակավոր համաձայնագրով նախատեսված հնարավորությունները:

Հանդիպման ընթացքում Մհեր Գրիգորյանը և Հասան Ռոհանին մտքեր են փոխանակել նաև էներգետիկ ոլորտում համագործակցության շուրջ:

 

Լրահոս

Դիտել ավելին