Կարևոր իրադարձություններ

Գյումրու թիվ 19 դպրոցի նախկին տնօրենի նկատմամբ քրգործ է հարուցվել

02 Հուլիս, 2019 19:13
Գյումրու թիվ 19 դպրոցի նախկին տնօրենի նկատմամբ քրգործ է հարուցվել

ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրի քաղաքի Մուշի բաժնում  տեղեկություններ են ստացվել, որ «Գյումրու թիվ 19 հիմնական դպրոց» ՊՈԱԿ նախկին տնօրենը, իր պաշտոնավարման տարիներին չարաշահելով պաշտոնեական դիրքը, կատարել է մի շարք չարաշահումներ, մասնավորապես, ՊՈԱԿ նախկին տնօրենը դպրոցում գրանցել է աշխատակիցների, որոնք իրականում աշխատանքի չեն հաճախել, իսկ վերջինների անվամբ դուրս գրված աշխատավարձի գումարները յուրացվել են: 

 «Նյութերի նախապատրաստման ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ տնօրենը, զբաղեցնելով «Գյումրու թիվ 19 հիմնական դպրոց» ՊՈԱԿ տնօրենի պաշտոնը, 2014-ի հուլիսի 15-ին Ալվարդ Ղ.-ին աշխատանքի է ընդունել նշված դպրոցում՝ որպես հավաքարար, ապա  2015-ի մայիսի 25-ին ազատել է աշխատանքից: Այնուհետև Նարինե Մ.-ն  2016-ի հունվարի 8-ին Ալվարդ Ղ.-ին դարձյալ ընդունել է աշխատանքի՝ որպես հավաքարար,  2016-ի  հոկտեմբերի 31-ից դեկտեմբերի 23-ը նաև դպրոցի դռնապանի պարտականություններն է հանձնարարել նրան և ազատել աշխատանքից, մինչդեռ, Ա. Ղայթանջյանն աշխատանքի չի հաճախել:

Բացի դրանից՝ Նարինե Մ.-ն 2016 թվականի նոյեմբերի 15-ին Հասմիկ Թ․-ին աշխատանքի է ընդունել դպրոցում՝ որպես հնոցապան, ապա 21.03.2017 թվականի մարտի 21-ին ազատել աշխատանքից: Այնուհետև, Նարինե Մ.-ն 2017 թվականի նոյեմբերի 17-ին Հասմիկ Թ.-ին դարձյալ ընդունել է աշխատանքի՝ որպես հնոցապան և ազատել ախատանքից  2018 թվականի մարտի 13-ին, մինչդեռ, Հասմիկ Թ.-ն ևս աշխատանքի չի հաճախել:

Արդյունքում, Ալվարդ Ղ.-ի և Հասմիկ Թ.-ի անուններով այդ ժամանակահատվածում, որպես աշխատավարձ, դուրս է գրվել առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 3 միլիոն 465 հազար 893 ՀՀ դրամ գումար, որը, պաշտոնեական դիրքն օգտագործվելով, յուրացրել է:

Վերոգրյալից զատ, Նարինե Մ․-ն հիշյալ անձանց՝ աշխատանքի չհաճախելու պայմաններում անձնական այլ դրդումներով կնքել և ստորագրել է պաշտոնեական փաստաթղթեր հանդիսացող՝ 2016-2018թթ. աշխատավարձի հիմքերն ու աշխատավարձի վճարման տեղեկագրերը՝ դրանցում կեղծ տեղեկություններ մտցնելով Ալվարդ Ղ.-ի և Հասմիկ Թ.-ի աշխատանքի հաճախած լինելու վերաբերյալ»,- տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի  179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 314-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
 

Լրահոս

Դիտել ավելին