Կարևոր իրադարձություններ

Փաշինյանի իշխանության ձեռքին կան Բիլյանին եւ Բարսեղյանին կալանքից ազատելու իրավաչափ հնարավորություններ. «Սասնա ծռեր»

01 Հուլիս, 2019 10:54
Հեղինակ՝ «Սասնա ծռեր»
Փաշինյանի իշխանության ձեռքին կան Բիլյանին եւ Բարսեղյանին կալանքից ազատելու իրավաչափ հնարավորություններ. «Սասնա ծռեր»

Նիկոլ Փաշինյանի իշխանության ձեռքին կան Արմեն Բիլյանին և Սմբատ Բարսեղյանին կալանքից ազատելու տարատեսակ իրավաչափ հնարավորություններ: Այս մասին հայտարարություն է տարածել «Սասնա ծռեր» կուսակցությունը:

Հայտարարությունում ասվում է.

«Ավելի քան մեկ տարի է անցել ազգադավ ու ոճրագործ ռեժիմի տապալումից։

Սակայն, ի զարմանս բազմահազար քաղաքացիների, ոչ միայն չի դադարեցվել նրա դեմ ապստամբած «Սասնա Ծռեր» խմբավորման անդամների նկատմամբ ռեժիմի հարուցած շինծու մեղադրանքը, այլեւ նույնիսկ չի փոփոխվել խմբավորման անդամներից Արմեն Բիլյանի ու Սմբատ Բարսեղյանի խափանման միջոցը եւ նրանք դեռեւս գտնվում են բանտում՝ մինչ օրս մնալով որպես ռազմագերիներ ու քաղբանտարկյալներ։

Շատ ցավալի էր, որ Նիկոլ Փաշինյանը ռազմագերի ապստամբներին անհապաղ ազատելու փոխարեն նրանց հանձնեց տասնամյակներ շարունակ ռեժիմի գործիքի վերածված դատաիրավական համակարգի հայեցողությանը։ Այն համակարգին, որի դեմ ապստամբեց ու որին մերժեց մեր ամբողջ ժողովուրդը։

Սասնա Ծռերը, մինչդեռ, հանուն ազգային ու պետական շահի՝ նույնիսկ իրենց իրավունքների հաշվին, աջակցեցին ռեժիմին տապալած ժողովրդին առաջնորդած Նիկոլ Փաշինյանի իշխանությանը, որպեսզի իրենց խղճի եւ ժողովրդի ու պատմության առաջ մաքուր լինեն։

Այդ տրամաբանությամբ, ղեկավարվելով ազգի եւ հանրային համերաշխության գերակայության գիտակցությամբ, նրանք համաձայնեցին իրենց համար խիստ վիրավորական համաներման կիրառմանը, որը, սակայն, նույն Նիկոլ Փաշինյանի իշխանության կամքով ու ձեռքով վերածվեց ծուղակի եւ էլ ավելի խորացրեց ճգնաժամը՝ ոտնահարելով նույն ազգային շահը եւ հանրային համերաշխությունը։

Իրավունքի, արժանապատվության, մեր պետականության եւ ազգի դեմ, մեղմ ասած, վտանգավոր ու վիրավորական երկակի ստանդարտներով իրականացվող այս չարդարադատությունը չի կարող երկար շարունակվել։

Առաջիկայում, իհարկե, կներկայացնենք երեւույթի վերաբերյալ մեր ամբողջական գնահատականը, իսկ այսօր, ս.թ. հուլիսի 10֊ին նշանակված Սասնա Ծռեր խմբավորման անդամների 1֊ին խմբի դատավարության հերթական նիստին ընդառաջ, կարեւորում ենք Արմեն Բիլյանին եւ Սմբատ Բարսեղյանին կալանքից ազատելու հարցը։

Որեւէ խանգարող հանգամանք չկա, որ նրանք դուրս գան բանտից եւ ոչ կալանավորի կարգավիճակով գնան դատարան։

Ընդհակառակը, նման քայլը զգալի չափով կփարատի արդարության վերականգնման հեռանկարի նկատմամբ հանրային կասկածները եւ կչեզոքացնի ճգնաժամի խորացման միտումները։

Նիկոլ Փաշինյանի իշխանության ձեռքին կան Արմեն Բիլյանին եւ Սմբատ Բարսեղյանին կալանքից ազատելու տարատեսակ իրավաչափ հնարավորություններ։

Դեռեւս ուշ չէ բավարար ցանկություն ու կամք դրսեւորելու եւ առաջին քայլը կատարելու համար»:

 

Լրահոս

Դիտել ավելին