Կարևոր իրադարձություններ

Զելենսկին խիստ քննադատել է Ուկրաինայի ԱԳ նախարարին

28 Հունիս, 2019 14:40
 Զելենսկին խիստ քննադատել է Ուկրաինայի ԱԳ նախարարին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երկրի արտաքին գործերի նախարարությանը մեղադրել է այն բանի համար, որ դիվանագիտական գերատեսչությունը Ռուսաստանում պահվող ուկրաինացի նավաստիների վերաբերյալ պատասխան նամակ է ուղարկել Ռուսաստանին և նույնիսկ հարկ չի համարել դրա բովանդակությունը քննարկել երկրի ղեկավարի հետ, գրում է prm.ua-ն:

Մասնավորապես, Ուկրաինայի ԱԳ նախարար Պավել Կլիմկինի դեմ զայրացած ուղերձով նախագահը հանդես է եկել հունիսի 27-ին կայացած ճեպազրույցի ժամանակ:

«Ես՝ Ուկրաինայի նախագահս, համացանցից եմ տեղեկանում մեր միջազգային քայլերի մասին: Ես խոսում եմ Ռուսաստանի Դաշնությունից մեր նավաստիների վերադարձի վերաբերյալ նամակի և ԱԳՆ-ի ուղարկած պատասխան նամակի մասին»,- վրդովվել է նա:

«Ես իմ աչքով չեմ տեսել դա: Ես՝ Ուկրաինայի նախագահս, հիշեցնում եմ բոլորին, հատկապես՝ Պավել Կլիմկինին, որ անձամբ չեմ տեսել ՌԴ-ից ուղարկված նամակի պատասխան նամակը, քանի որ պարոն Կլիմկինը հարկ չի համարում նախագահի հետ նման հարցեր քննարկել: Եվ դրանք Ուկրաինայի ազգային անվտանգությանը և մեր քաղաքացիների կյանքին վերաբերող հարցեր են: Դա ցանկացած նախագահի առաջնահերթությունն է՝ անկախ այն բանից, դա դուր է գալիս որևէ մեկին, թե՝ ոչ»,- ասել է երկրի ղեկավարը:

Նախագահը վրդովվել է, որ Կլիմկինը հայտնել Է Ուկրաինայի՝ որպես պետության դիրքորոշումը՝ առանց իր հետ խորհրդակցելու:

Շուտով Կլիմկինը պատասխանել է Զելենսկուն։ Նրա խոսքով՝ Ուկրաինայի ԱԳՆ-ն լիազորություններ է ունեցել պատասխանելու ռուսական կողմի նամակին՝ առանց նախագահի հետ համաձայնեցնելու։

ԱԳՆ մամուլի ծառայության հաղորդմամբ՝ ռուս դիվանագետների նամակը պարունակել է «ռուսական օրենսդրությանը համապատասխան ուկրաինացի նավաստիների նկատմամբ քրեական հետապնդման շարունակման գործում Ուկրաինայի մասնակցության գրավոր երաշխիքներ տրամադրելու ցինիկ առաջարկ»:

Կլիմկինն իր հերթին հրապարակել է Ռուսաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարությունների միջև պաշտոնական նամակագրության տեքստը: Նա նկատել է, որ ռուսական կողմի նամակը ծուղակ է, որում և, կարծես, հայտնվել է Զելենսկին:

 

Լրահոս

Դիտել ավելին