Կարևոր իրադարձություններ

Կանանց հանդեպ ցանկացած բռնություն պետք է պատժվի. Նաիրա Զոհրաբյանի ելույթը՝ ԵԽԽՎ-ում

25 Հունիս, 2019 19:36
Կանանց հանդեպ ցանկացած բռնություն պետք է պատժվի. Նաիրա Զոհրաբյանի ելույթը՝ ԵԽԽՎ-ում

ԵԽԽՎ խորհրդարանական Վեհաժողովն այսօր քննարկել է կանանց նկատմամբ բռնության Ստամբուլի կոնվենցիայի իրականացումն ու մարտահրավերները։ Նաիրա Զոհրաբյանն իր ելույթում նշել է, որ կանանց նկատմամբ ցանկացած բռնություն՝ թե՛ ֆիզիկական և թե՛ հոգեբանական,  հանցագործություն է և պետք է պատժվի օրենքով, հավելելով, որ թե՛ միջազգային և թե՛ ազգային օրենսդրության իրավական գործիքները պետք է ամրացվեն  մեր բոլորի համակարգված գործողություններով՝ ինչպես քաղաքական, այնպես էլ իրավական և ինստիտուցիոնալ մակարդակներում:

Իր ելույթում Զոհրաբյանն ասել է. 

Հարգելի գործընկերներ,

Կանանց հանդեպ ֆիզիկական և հոգեբանական բռնությունը շարունակում է լուրջ մարտահրավեր մնալ ԵԽ անդամ բազմաթիվ երկրներում, և ես կարևորում եմ այս հարցի քննարկումը մեր Վեհաժողովում։ Մեկ բան հստակ է՝ կանանց հանդեպ ցանկացած բռնություն հանցագործություն է, և այն պիտի պատժվի օրենքով։ Ուստի, թե՛ միջազգային և թե՛ ազգային օրենսդրության իրավական գործիքները պետք է ամրացվեն  մեր բոլորի համակարգված գործողություններով ինչպես քաղաքական, այնպես էլ իրավական և ինստիտուցիոնալ մակարդակներում:

Եվրոպայի Խորհուրդը  անգնահատելի ներդրում է ունեցել միջազգային իրավունքի զինանոցում՝ մշակելով «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման» կոնվենցիան, ինչը այս ոլորտում այսօր հիմնական  իրավական գործիքն է։  Հայաստանը, որպես յուրահատուկ  արժեքներ կրող երկիր, մեծապես  կարևորում է կանանց իրավունքների պաշտպանությունն ու կանանց դերը ժողովրդավարական գործընթացներում: Եվ պատահական չէ, որ  Հայաստանում անցյալ տարի տեղի ունեցած հեղափոխության առաջին շարքերում կանայք էին։

Հարգելի գործընկերներ, անցած տարի Հայաստանը ստորագրել է թիվ 210 կոնվենցիան, իսկ դեռ  2017թ.-ի դեկտեմբերին խորհրդարանը վավերացրել է «Ընտանիքում  բռնության կանխարգելման մասին»  օրենքը: Օրերս Հայաստանում  մեկնարկած Եվրոպայի խորհրդի գործողությունների ծրագիրը Հայաստանի համար ներառում է միջոցառումների շարք, որոնց նպատակը նաև արդեն իսկ ընդունված օրենքի արդյունավետ իրագործումն է։  

Եվ այո, ինչպես նշել է զեկուցողը, Հայաստանի խորհրդարանը շատ ակտիվ դերակատարում է ունեցել՝ «Առանց  բռնության ապրելու» կանանց իրավունքների խորհրդարանական ցանցում: Այս ցանցը հնարավորություն է տալիս ազգային խորհրդարանների պատգամավորներին հանրային իրազեկման արշավներ կազմակերպել և  քաղաքական աջակցություն ցուցաբերել կանանց իրավունքների պաշտպանությանը: 

Բացի այդ, Երևանում տեղի ունեցած Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի ընդունած հայտարարության մեջ հստակ արձանագրվեց կանանց հանդեպ բռնության բոլոր ձևերի վերացմանն ուղղված քայլերի անհրաժեշտությունը։  

Եվ իհարկե, չեմ կարող չնշել մեր Վեհաժողովի նախագահ Մորի Պասքեի նախաձեռնած՝ «Ո՛չ իմ խորհրդարանում» հանրային իրազեկմանն ուղղված արշավի կարևորությունը, քանզի այդ արշավի նպատակն է կանխարգելել և պայքարել կանանց նկատմամբ խտրականության ցանկացած դրսևորման դեմ»։

 

Լրահոս

Դիտել ավելին