Կարևոր իրադարձություններ

Մահացել է կոմպոզիտոր Ստեփան Շաքարյանը

22 Հունիս, 2019 12:35
Մահացել է կոմպոզիտոր Ստեփան Շաքարյանը

Հայաստանի կոմպոզիտորների միությունից տեղեկացնում են, որ մահացել է ՀԿՄ անդամ, ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Ստեփան Շաքարյանը

«Խորին ցավով տեղեկացնում ենք, որ մահացել է ՀԿՄ անդամ, ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Ստեփան Շաքարյանը: Հոգեհանգստի և հուղարկավորության մանրամասները կտեղեկացվեն ավելի ուշ»,- ասված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ Ստեփան Շաքարյանը ծնվել է 1935 թվականի հոկտեմբերի 23-ին, Բաքվում: 1952 թվականին տեղափոխվել է Երևան: 1954 թվականին ընդունվել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա: 1956 թվականին Արամ Խաչատրյանի խորհրդով և հրավերով տեղափոխվել է Մոսկվայի Գնեսինների անվան ինստիտուտ, որից հետո՝ Լենինգրադի կոնսերվատորիա։ 1964 թվականին ավարտել է ուսումը և վերադարձել Երևան։

1986-1990թթ. եղել է ՀՀ ռադիոպետկոմի մենակատարների ջազ-անսամբլի հիմնադիր-ղեկավար։ 1992 թվականից դասավանդել է Երևանի պետական կոնսերվատորիայում: Ստեփան Շաքարյանի «Լուսինը սարերի վրա» ձայնասկավառակն ընդգրկվել է «Հայկական ջազ 70» ձայնասկավառակների հավաքածուի մեջ:

ՀՀ ժողովրդական արտիստն ստեղծել է ավելի քան 100 ջազային կոմպոզիցիաներ, որոնք ներգրավված են հայկական տարբեր ջազային կոլեկտիվների նվագացանկերում։ Նրա ստեղծագործությունները կատարում են Հայաստանի պետական ջազային, Հանրային հեռուստա-ռադիոընկերության էստրադային և ջազային նվագախմբերը, մի շարք այլ խմբեր։

Մշակել է հայկական ժողովրդական երգերը` տալով ջազային շունչ։

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին