Կարևոր իրադարձություններ

ՊՆ-ն առաջարկում է բարձրացնել ժամկետային զինծառայողների դրամական ապահովության ամսական չափերը

18 Հունիս, 2019 21:31
ՊՆ-ն առաջարկում է բարձրացնել ժամկետային զինծառայողների դրամական ապահովության ամսական չափերը

ՀՀ պաշտպանության նախարարությունը իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում (e-draft.am) քննարկման է ներկայացրել նախագիծ, որով առաջարկում է հնարավորության սահմաններում բարձրացնել պարտադիր ժամկետային զինծառայողների նյութական ապահովության մակարդակը եւ խթանել ծառայողական պարտականությունների կատարումը: Այս մասին հայտնում է armtimes.com-ը:

ՀՀ ԶՈՒ ԳՇ-ում կատարված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ պարտադիր ժամկետային զինծառայողների համար սահմանված դրամական ապահովության չափերը 2009 թվականից փոփոխություններ չեն կրել եւ հաջորդող տարիներին արձանագրված շարունակական գնաճի հետեւանքով չեն բավարարում անձնական հիգիենայի եւ այլ առաջին անհրաժեշտության պարագաներ գնելու համար (օրինակ` անձնական հիգիենայի պարագաների մասով գնաճը կազմել է շուրջ 33%), ինչը լրացուցիչ ֆինանսական ծանրաբեռնվածություն է առաջացնում զինծառայողների ընտանիքների համար: 

Նախագծով առաջարկվում է պարտադիր ժամկետային զինծառայողների դրամական ապահովության ամսական չափերը հակառակորդի հետ անմիջական շփման պայմաններում մարտական հերթապահություն իրականացնող զորամասերի անձնակազմի համար ավելացնել 2000 դրամով, իսկ մնացած զորամասերի համար` 1000 դրամով: 

ՊՆ-ի հաշվարկով նախագծի ընդունման արդյունքում 2019 թվականի 6 ամիսների հաշվարկով լրացուցիչ ծախսերը կկազմեն 228 մլն 942 հազար դրամ, որի ֆինանսավորումը կիրականացվի ՀՀ 2019 թվականի պետական բյուջեով պաշտպանության նախարարությանը նախատեսված հատկացումների դրամական ապահովության եւ աշխատավարձի հաստատված միջոցների հաշվին:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում:

 

Լրահոս

Դիտել ավելին