Կարևոր իրադարձություններ

Երկրաշարժ Չինաստանում. զոհեր և տուժածներ կան

18 Հունիս, 2019 13:03
Երկրաշարժ Չինաստանում. զոհեր և տուժածներ կան

Չինաստանի Սիչուան նահանգում մի քանի ժամվա ընթացքում երկու երկրաշարժ է տեղի ունեցել: Աղետի հետևանքով 12 մարդ է զոհվել, 134 վիրավոր կա: Այս մասին գրում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով The Paper-ը: Ավելի վաղ հաղորդվել էր 11 զոհի և 122 տուժածի մասին:

6 մագնիտուդով առաջին ստորգետնյա ցնցումը գրանցվել է հունիսի 17-ին տեղական ժամանակով 22:55-ին, որին հետևել է 5.3 մագնիտուդով երկրորդ ցնցումը: Ավելի ուշ 68 հետցնցում է արձանագրվել: Ըստ տվյալների՝ մասնակի կամ ամբողջությամբ քանդվել է տների մեծ մասը, լրջորեն վնասվել են ճանապարհները, կապի և էլեկտրամատակարարման գծերը:

Կենտրոնական և տեղական իշխանությունները տուժած շրջաններ վրաններ, դեղորայք, սննդամթերք, խմելու ջուր են հասցնում: Փլատակների տակ մնացած մարդկանց գտնելու և երկրաշարժի հետևանքները վերացնելու գործողությանը փրկարարներ և բժիշկներ են մասնակցում, ինչպես նաև շուրջ 600 զինվորականներ:

Նշենք, որ 2008 թվականին էլ Սիչուանում 8 մագնիտուդով երկրաշարժ էր տեղի ունեցել: Պաշտոնական տվյալներով՝ աղետի հետևանքով զոհվել կամ անհետ կորել է ավելի քան 87 հազար մարդ: 


 

Լրահոս

Դիտել ավելին