Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    474,5
    478

  • EUR

    530,5
    538,5

  • RUB

    7,47
    7,67

Կարևոր իրադարձություններ

 

Նիկոլ Փաշինյանը «Հայաստան» համահայկական հիմնադրամից ակնկալում է ավելի ազդեցիկ և ոգեշնչող ծրագրեր

18 Հունիս, 2019 12:06
Նիկոլ Փաշինյանը «Հայաստան» համահայկական հիմնադրամից ակնկալում է ավելի ազդեցիկ և ոգեշնչող ծրագրեր

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի տարեկան ժողովի ընթացքում ներկաների հետ կիսվեց վերջին շրջանում իրեն հասած մտահոգություններով: Հունիսի 18-ին մեկնարկած ժողովի ընթացքում Փաշինյանը նշեց, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործունեության որոշ դրվագներ կողքից նայելիս այլ կերպ են ընկալվում:

«Թերևս, յուրաքանչյուր հայ որոշակի էմոցիոնալ կապ ունի «Հայաստան» համահայկական հիմնադրամի հետ, և, թերևս, բավական է այդ կապն արձանագրելու համար անցնել Հայաստանն Արցախին միացնող ճանապարհներով, և այդ ճանապարհներին տեսնել «Հայաստան» համահայկական հիմնադրամի խորհրդանիշերը, հասկանալ, որ հիմնադրամի աջակցությամբ է կառուցվել այդ ամենը, նաև կառուցվել են բազմաթիվ դպրոցներ, մանկապարտեզներ, ջրատարներ Հայաստանում և Արցախում, որպեսզի հասկանալի լինի, թե հիմնադրամն ինչպիսի կարևոր առաքելություն է իրականացրել Երրորդ Հանրապետության կյանքում, Արցախի կյանքում՝ ամենադժվար և ամենածանր օրերին սատար լինելով Հայաստանի Հանրապետությանը և Արցախին: Ես համաձայն եմ Հանրապետության նախագահի հետ, որ նոր ժամանակներում մենք պետք է նորովի դիտարկենք և գնահատենք «Հայաստան» համահայկական հիմնադրամի աշխատանքները և տեսնենք նաև մեդալի հակառակ կողմը: Ես վերջերս մի քանի առիթներով, այդ թվում նաև սփյուռքի ներկայացուցիչներից մի քանի հետաքրքիր դիտարկումներ եմ լսել, որոնք կցանկանայի կիսել ձեզ հետ: Շատ բարձր գնահատելով «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործունեությունը՝ երբեմն ասվում է, որ հիմնադրամի գործունեության կոնկրետ դրվագները նպաստել են Հայաստանի կամ հայկական համաշխարհային ներուժի դեմիստիֆիկացիային»,- ասաց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ խնդիրը պայմանավորված է աշխարհում գոյություն ունեցող հայկական ներուժի ընկալման և հիմնադրամի գործունեության ընթացքում դրա ցուցադրման անհամապատասխանության հետ:

«Նկատի է առնվում այն, որ, ընդհանուր առմամբ, մենք ինքներս և նաև շատերը աշխարհում, հայկական ներուժ ասելով հասկանում ենք շատ հզոր, շատ ազդեցիկ մի ուժ, և դա այդպես է իրականում: Եվ, հետևաբար, ինչո՞վ է ազդել, ի՞նչ բացասական ազդեցություն է ունեցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործունեության որոշակի դրվագները հայկական ներուժի, իմիջի վրա: Ամեն տարի մենք ուրախությամբ արձանագրում ենք, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի շրջանակներում հանգանակվեց 15, 10, 20, 25 մլն դոլար, և դա, իհարկե, շատ կարևոր և գնահատելի է: Բայց եկեք հասկանանք, թե ինչպե՞ս է դա երևում ուրիշների համար: Ուրիշների համար հարց է ծագում՝ սա՞ է հայկական ներուժը: Հայկական ներուժն ա՞յն է, որ ամբողջ աշխարհում հավաքում է 15 մլն դոլար և դրա համար ուրախանում: Եվ ուզում եմ ընդգծել, որ հայկական ներուժի դեմ ձեզ և մեզ հայտնի ուժերը տարեկան միլիարդավոր դոլարներ են ծախսում, որպեսզի հայկական ազդեցությունն ամբողջ աշխարհում նվազեցնեն: Եվ գալիս են պահեր, որ մենք ինքներս այդ գործընթացին հայկական ներուժին, իմիջին հարվածելու համար մենք ինքներս շատ ավելի մեծ աշխատանք ենք անում, քան անում են մեր հակառակորդները: Իհարկե, հասկանալի է, որ հայկական ներուժը միայն «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցով չէ Հայաստանում ներդրումներ անում: Կան տասնյակ կազմակերպություններ Հայաստանում և սփյուռքում, որոնք անգնահատելի աջակցություն են ցուցաբերել, ցուցաբերում և դեռ համոզված եմ՝ կցուցաբերեն Հայաստանին և Արցախին: Բայց կարծում եմ, որ կարևոր է ոչ միայն տեղի ունեցողի բովանդակային խորքը, այլև այն, թե ինչպես է դա երևում, և ինչպես է դա պատկերվում դրսի, կողքի հայացքի համար: Եվ, ի վերջո, մենք մեր խորքում, ինքներս մեզ հետ մենակ մնալիս, ոչ հրապարակային ինչպիսի հարցեր ենք դնում տեղի ունեցողի կապակցությամբ: Ժամանակն է, որ այդ հարցերը մենք ուղիղ, առանց սեթևեթանքի դնենք օրակարգում և քննարկենք»,- նշեց Փաշինյանը:

 Նրա խոսքով՝ հիմնադրամի կողմից պետք է իրականացվեն այնպիսի խնդիրներ, որոնց էֆեկտը կլինի ավելի ազդեցիկ:

«Իհարկե, հասկանալի է, որ այս ընթացքում մենք ունեցել ենք բազմաթիվ խնդիրներ: Մենք խնդիրներ ենք ունեցել կոռուպցիայի հետ: Կարող են չարաշահումների առանձին դեպքեր լինել, եղել են, իհարկե մենք ամեն ինչ կանենք և անում ենք, որ դա բացառենք, բայց դա ընդհանուր գործ է: Իհարկե, հասկանալի է, որ մենք ծրագրերի խնդիր ունենք: Պետք է այդ ծրագրերն իսկապես այնպիսին լինեն, որ ոգեշնչեն հնարավորինս շատ մարդկանց, դրանց կարևորությունը հնարավոր լինի ապացուցել: Այդ ծրագրերի իրականացման հարակից էֆեկտները պետք է ավելի ազդեցիկ լինեն, որպեսզի մենք ոչ միայն ուղղակի ասֆալտապատ ճանապարհ կառուցենք, այլ տեսնենք, որ այդ ճանապարհն իր հետ բերում է զարգացում, նոր կյանք, նոր հնարավորություններ ավելի ու ավելի շատ մարդկանց»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

«Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի տարեկան ժողովին մասնակցում են ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ու այլ բարձրաստիճան պաշտոնյաներ Հայաստանից, Արցախից և սփյուռքից:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին