Կարևոր իրադարձություններ

Մոլդովայի նոր վարչապետը խոստացել է պայքարել կառավարությունում կոռուպցիայի դեմ

17 Հունիս, 2019 22:16
Մոլդովայի նոր վարչապետը խոստացել է պայքարել կառավարությունում կոռուպցիայի դեմ

Մոլդովայի նոր վարչապետ Մայա Սանդուն մտադիր է պայքարել կառավարությունում կոռուպցիայի դեմ, հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը՝ վարչապետի և լրագրողների ճեպազրույցին հղումով:

«Նոր կառավարությունը կչեզոքացնի կոռուպցիոն սխեման, հարստանալու և քաղաքական գործոններով պայմանավորված պաշտոն ստանալու դարավոր պրակտիկան»,- խոստացել է Սանդուն: Նա շեշտել է, որ չի վստահում դատարաններին և ոչ էլ դատախազությանը, որը, նրա խոսքով, դեռևս ղեկավարվում է  Ժողովրդավարական կուսակցության առաջնորդի կողմից:

Սանդուն հայտարարել է կառավարությունում կոռուպցիայի դեմ պայքարի և արդարադատության ոլորտի բարեփոխումների բյուրո ստեղծելու մասին, որին նաև ռումինացի փորձագետներ կանդամակցեն: Վարչապետը մտադիր է նաև վերսկսել երկրի բանկային համակարգից շուրջ 1 մլրդ դոլար հանելու շուրջ կոռուպցիոն սկանդալի հետաքննությունը:

Նշենք, որ Սանդուն Գործողության և համերաշխության կուսակցության առաջնորդն է, որը մտնում է իշխող Acum դաշինքի կազմի մեջ: 2016թ.-ին այն «Արժանապատվություն և ճշմարտություն» հարթակի ու Մոլդովայի Հանրապետության սոցիալիստների կուսակցության հետ միասին կառավարությունը վերահսկող Ժողովրդավարական կուսակցության դեմ բողոքի զանգվածային ակցիաներ է կազմակերպել:

Անցած շաբաթ այս կուսակցությունները երկրի խորհրդարանում մեծամասնություն են ձևավորել, ինչպես նաև նոր կառավարություն՝ Ժողովրդավարական կուսակցությանը թողնելով ընդդիմության կարգավիճակում:

 

Լրահոս

Դիտել ավելին