Կարևոր իրադարձություններ

Հայաստանի մեդիա շուկան չի ապահովում բոլոր լրատվամիջոցների գոյատևումը․Բորիս Նավասարդյան

14 Հունիս, 2019 16:23
Հայաստանի մեդիա շուկան  չի ապահովում բոլոր լրատվամիջոցների  գոյատևումը․Բորիս Նավասարդյան

Լրատվամիջոցներին քաղաքական ճամբարի բաժանելուց մինչև դրանց վեթինգի ենթարկելը. այս և այլ թեմաների շուրջ Shabat.am-ը  զրուցել է Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի հետ:

-Պարո՛ն Նավասարդյան, արդյո՞ք այսօր խոսքի ազատություն կա զանգվածային լրատվամիջոցներում:

-Եթե խոսքի ազատությունը դիտարկենք այն տեսակետից, թե որքանով է պետությունը դա ապահովում, ապա կարելի է ասել, որ այո, խոսքի ազատությունը Հայաստանում ապահովված է, իսկ եթե ավելի լայն վերցնենք այդ երևույթը, ապա կարող ենք դիտարկել այսպես. արդյո՞ք առանձին լրագրողներ, որոնք աշխատում են տարբեր լրատվամիջոցներում, չեն ենթարկվում թելադրանքի, արդյո՞ք  իրենց աշխատանքային իրավունքները պահպանվում են գործատուների կողմից: Այս առումով ունենք բազմաթիվ խնդիրնե: Օրինակ, լրագրողը չի կարող ինքնուրույն որոշել՝ ինքը ինչպես է լուսաբանում այս կամ այն երևույթը, իրադարձությունը կամ խնդիրը: Լրագրողը ստիպված է ղեկավարվել այն մոտեցումներով, որոնք ունի գործատուն: Երկրորդը՝ լրագրողների մեծ մասը չունի աշխատանքային համաձայնագրեր և դա նշանակում է, որ ցանկացած պահի կարող են հեռացվել աշխատանքից և դա իրենց խոցելի է դարձնում պրոֆեսիոնալ արժանապատվությունը պահելու առումով:

- Կարո՞ղ ենք ենթադրել, որ այսօր լրագրող-գործատու միջանձնային խնդիր կա:

- Այո, կա այդ խնդիրը: Գալիս է նրանից, որ գործատուն շատ դեպքերում անհայտ է, և հստակ չեն կարող հասկանալ, թե  լրատվամիջոցի սեփականատերերի, ֆինանսական հոսքեր ապահովողների ով  լինելը: Շատ դեպքերում լրատվամիջոցի քաղաքականությունը և լրագրողի աշխատանքը թելադրում են մարդիկ, որոնք պաշտոնապես չեն հանդիսանում տվյալ լրատվամիջոցի ղեկավար կամ սեփականատեր:

- Ձեր կարծիքով լսարանը ուշադրություն դարձնու՞մ է, թե տվյալ նյութը, որ լրատվամիջոցն է տարածում:

- Այն մարդիկ, որոնք ակտիվ են  սոցիալական ցանցերում, հետևում են իրադարձություններին, հետևում են լրատվական հոսքին, նրանք հիմնականում պատկերացում ունեն, թե որ լրատվամիջոցի հետ գործ ունեն: Կան նաև բազմաթիվ քաղաքացիներ, որոնք մեդիագրագետ չեն և բնականաբար չեն կողնորոշվում, թե ինչ կամ ով կա այս կամ այն լրատվամիջոցի ետևում:

- Այսօր անկողմնակալության սկզբունքը գործու՞մ է լրատվամիջոցներում:

- Կարծում եմ՝ ոչ: Հստակ բաժանված են քաղաքական ճամբարի: Շատ սահմանափակ լրատվամիջոցներ կան, որոնք անկողմնակալ են և որոնց համար հիմնական նպատակը  ճշմարտությունն է: Դա պայմնավորված է նրանով, որ, ցավոք, Հայաստանի մեդիա շուկան  չի ապահովում բոլոր լրատվամիջոցների  գոյատևումը և գումարների  ներհոսքը չի կարող ստեղծել այնպիսի իրավիճակ, որ լրատվամիջոցները անկողմնակալ լինեն:

 

- Մամուլում շրջանառվում էոր ներկայիս իշխանությունը միտք ունի դատական համակարգից հետո վեթինգի ենթարկել լրատվամիջոցները, Դուք ինչպե՞ս եք վերաբերվում դրան:

  • Ես չէի օգտագործի վեթթինգ եզրույթը կապված լրատվամիջոցների հետ, քանի որ նման երևույթ ընդհանրապես գոյություն չունի: Բայց այն, որ լրատվամիջոցներում անհրաժեշտ է ապահովել սեփականության ֆինանսական աղբյուրների թափանցիկությունը, դա միջազգային նորմ է, և անկախ մեր իշխանությունների ցանկությունից, դա պետք է իրականացվի: Կարծում եմ՝ այդ առումով անհրաժեշտ են օրենսդրական և պրակտիկ նախաձեռնություններ: Սա ոչ միայն իշխանությունների գործն է, այլ նաև հանրության խնդիրը պետք է լինի:                             

 

Հեղինակ՝ Աննա Ղազարյան

 

Լրահոս

Դիտել ավելին