Կարևոր իրադարձություններ

Վերաքննիչը մերժեց Քոչարյանի պաշտպանական կողմի ներկայացրած դատավորի ինքնաբացարկի միջնորդությունը

14 Հունիս, 2019 15:36
Վերաքննիչը մերժեց Քոչարյանի պաշտպանական կողմի ներկայացրած դատավորի ինքնաբացարկի միջնորդությունը

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, վերաբերյալ վերաքննիչ բողոքի գործով դատավոր Արմեն Դանիելյանը մերժեց պաշտպանական կողմի՝ իրեն ներկայացրած ինքնաբացարկ հայտնելու վերաբերյալ միջնորդությունը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՀՀ վերաքննիչ դատարանում՝ դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ ընթանում է Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների քրեական գործի վարույթը կասեցնելու եւ այն Սահմանադրական դատարան ուղարկելու, ինչպես նաև Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու մասին դատարանի որոշումների դեմ ՀՀ դատախազության բողոքների քննությունը:

«Դատարանը որոշեց մերժել Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանի կողմից ինձ` դատավոր Դանիելյանիս ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունը»,- ասաց Դանիելյանը:

Մայիսի 18-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը որոշեց Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխարինել Արցախի ներկա և նախկին նախագահներ Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի անձնական երաշխավորությամբ: Այնուհետև դատավոր Գրիգորյանը կասեցրեց քրեական գործի վարույթն ու այն ուղարկեց Սահմանադրական դատարան:

ՀՀ գլխավոր դատախազությունը մայիսի 23-ին բողոքարկեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի կայացրած երկու որոշումները:

Համաձայն Datalex տեղեկատվական համակարգում հրապարակված մեղադրական եզրակացության՝ Ռոբերտ Քոչարյանը 1998թ ապրիլի 9-ից մինչեւ 2008 թվականի ապրիլի 9-ը զբաղեցնելով ՀՀ Նախագահի պաշտոնը, տապալել է ՀՀ սահմանադրական կարգը, ինչպես նաեւ իր պաշտոնեական դիրքն օգտագործելով «Թի Էս Էս Սի Արմենիա» ՍՊ ընկերության միակ մասնակից եւ տնօրեն Սիլվա Համբարձումյանի օգտին գործողություններ կատարելուն նպաստելու, 2008 թվականի փետրվարին եւ մայիսին Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ նրանից ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 927000000 ՀՀ դրամին համարժեք 3000000 ԱՄՆ դոլար կաշառք։

 

Լրահոս

Դիտել ավելին