Կարևոր իրադարձություններ

Հունիսի 6-ն աշխարհռչակ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան օրն է

06 Հունիս, 2019 20:44
Հունիսի 6-ն աշխարհռչակ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան օրն է

Հունիսի 6-ը  համաշխարհային ճանաչում ունեցող կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան օրն է: Այս տարի նշվում է մեծանուն կոմպոզիտորի 116-ամյակը: Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները համաշխարհային երաժշտական գանձարանի նմուշներից են: Նրա անունը հայտնի է ամբողջ աշխարհում, ստեղծագործությունները կատարվում են աշխարհի բոլոր անկյուններում:

ՅՈՒՆԵՍԿՕ-ն Խաչատրյանին դասում է 20-րդ դարի ամենահայտնի կոմպոզիտորների շարքում. մեր ժամանակների հանրածանոթ ստեղծագործությունների ցուցակում առաջնային տեղերում են նրա Երկրորդ սիմֆոնիան, Դաշնամուրի կոնցերտը, «Սպարտակ», «Գայանե» բալետները և այլն:

«Հենց սկզբից Խաչատրյանի ստեղծագուրծություներում նկատելի էին ինքնուրույն երաժշտական մտածողության սաղմերը, զգացվում էր երիտասարդ ու ժամանակակից կյանքի զարկերակը»,-ականվոր կոմպոզիտոր Միքայել Գնեսինը նման խոսքերով բնութագրեց երիտասարդ կոմպոզիտորի ուսման ընդամենը երկրոդ տարվա ընթացքում գրաված գործերը`«Պարը ջութակի և դաշնամուրի համար, դաշնամուրային պիեսներ»:

 

Լեգենդար անձանցից լեգենդներն անպակաս են: Այդպես է նաեւ մեծանուն հայ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի դեպքում: Երեւանի երաժշտասեր համայնքում հայտնի մի պատմություն կա. Արամ Խաչատրյանի հեղինակային համերգի աֆիշում նշված էին նրա բոլոր կոչումներն ու պարգեւները: Նվագախմբի անդամները այդ ցանկի վերջում թաքուն ավելացրել էին «օդաչու, տիեզերագնաց»: 

Ներկայացնում ենք հայտնի կոմպոզիտորի կյանքի ոչ այնքան հայտնի փաստերը: 

1. Արգենտինացի հեղափոխական Էռնեստո Չե Գեւարան պաշտում էր Արամ Խաչատրյանիերաժշտությունը: Մի անգամ նա ասել է՝  «Արամ Խաչատրյանի երաժշտությունն անմահ է: Դրանում հայ ժողովրդի ոգին է՝ պայքարի եւ հաղթանակի ոգին»:

2. Խաչատրյանի հիշատակին նվիրված հուշարձանը Մոսկվայում կանգնեցվել է 2006-ի հոկտեմբերի 31-ին։ Տարբեր երաժշտական գործիքների շրջապատում պատկերած կոմպոզիտորի բրոնզե արձանի հեղինակը Գեորգի Ֆրանգուլյանն է, ճարտարապետը՝ Իգոր Վասկրեսենսկին։ Արձանը տեղադրված է այն տան մոտակայքում, որտեղ ժամանակին ապրել եւ ստեղծագործել է Խաչատրյանը։

3. 1968-ի հոկտեմբերին առաջին անգամ նշեցին «Էրեբունի-Երեւան» տոնը: Տոնակատարություններին միացավ նաեւ մեծանուն հայ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանը:

4. «Արամ Խաչատրյանի ձեռագիր նոտաները եւ կինոերաժշտությունը» գրանցվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Աշխարհի հիշողություն» ծրագրի Միջազգային ռեգիստրում: Արամ Խաչատրյանի անունը դասվել է այս ցանկում արդեն իրենց տեղը գտած աշխարհահռչակ այնպիսի կոմպոզիտորների շարքին, ինչպիսիք են Բեթհովենը, Բրամսը եւ Շոպենը:

5. Երեւանի ֆիլհարմանիայի դահլիճի դիմաց գտնվող Արամ Խաչատրյանի արձանը միակը չէ Երեւանում: Արաբկիր վարչական շրջանում Խաչատրյանի 100-ամյակի առթիվ բացվել է կոմպոզիտորի կիսանդրին: Քանդակագործ Գեւորգ Գեւորգյանի հեղինակած հուշարձանը տեղադրվել է բարեկարգ կանաչապատ տարածքում` Խաչատրյան-Փափազյան փողոցների հատման հարակից հատվածում: 

6. 71 տարվա կյանք ունեցած Խորհրդային Հայաստանի օրհներգի երաժշտության հեղինակը Արամ Խաչատրյանն էր: Եկեղեցական երգեցողության դասական կանոներով կառուցված երաժշտությունը օրհներգի կարգավիճակում վերականգնելու մասին հայտարարվեց 2000-ականներին: 2006-ի աշնանը խորհրդարանը հայտարարեց նոր օրհներգի համար երաժշտության եւ տեքստի մրցույթ. 85 տարբերակներից եզրափակիչ փուլ անցավ նաեւ Խաչատրյանի երգը: Գաղտնի քվեարկությամբ հանձնաժողովը հաստատեց Սովետական Հայաստանի օրհներգի երաժշտությունը, բայց այդպես էլ չկարողացավ որոշել տեքստային մրցույթի հաղթողին: Արդյունքում Արամ Խաչատրյանի օրհներգի երաժշտությունը չդարձավ անկախ Հայաստանի հիմնը:

7. Առաջին անգամ Արամ Խաչատրյանը Երեւանում հայտնվեց 1921-ին Թիֆլիսից հատուկ գնացքով ժամանող քարոզչական խմբի կազմում: Նրա առջեւ առաջադրանք էր դրած Հայաստանի գյուղերում եւ քաղաքներում տարածել Հոկտեմբերյան հեղափոխության վեհ գաղափարը: Նրանք պետք է բաժանեին թռուցիկներ ու բրոշյուրներ, կազմակերպեին միտինգներ ու դասախոսություններ: 

8. Մի անգամ Խաչատրյանը պատմել է, որ իր հայրը, ով ընդգծված սեր ուներ ազգային երաժշտության նկատմամբ, իմանալով, որ նա Մոսկվայում պատրաստվում է ընդունվել երաժշտական տեխնիկում, ափսոսանքով ասել է՝ «Դու ի՞նչ է՝ պատրաստվում ես սազանդար դառնալ (փողոցային երաժիշտ, որը նվագում էր նաեւ հարսանիքներում, թաղումներում, շուկաներում)»:  Խաչատրյանի հայրն ուզում էր, որ տղան դառնա ինժեներ կամ բժիշկ: Նա գտնում էր, որ երաժշտությունը տղամարդու գործ չէ:

9. Խաչատրյանը կենդանիներ շատ էր սիրում։ Գերմանիայում նրան արքայական պուդել էին նվիրել, որի անունը Լյադո էր դրել (ըստ լյա եւ դո նոտաների)։ Լյադոյի հանդեպ տածած սիրո մասին է վկայում Խաչատրյանի «Լյադոն լուրջ հիվանդացել է» պիեսը:

10. Երեւանում բեմադրվում էր «Սպարտակ» բալետը. դա վերջին ներկայացումն էր, որտեղ ներկա էր հեղինակը։ Բեմադրությունն անթերի էր, բալետային խումբը՝ հիանալի։ Սակայն առաջին գործողության կեսից Խաչատրյանն անսպասելիորեն վեր կացավ եւ լքեց դահլիճը։ Գործողությունն ավարտվեց, իսկ կոմպոզիտորը դեռեւս չկար։ Որոշ ժամանակ անց նրան գտան դրսում՝ օպերային թատրոնից ոչ հեռու։
«Եթե մնայի, սարսափելի աղմուկ կբարձրացնեի: Նրանք իմ երաժշտությունից կրճատեցին 4 ամբողջ տակտ», - վրդովված ասաց Խաչատրյանը։ Չնայած ունկնդիրները խաչատրյանական երաժշտության փոքրիկ հատվածի «կորուստը» չէին էլ նկատել, այնուամենայնիվ այդ փաստը խիստ զայրացրել էր հեղինակին։

11. Պատերազմից տարիներին էվակուացիայի ժամանակ կայարաններից մեկում Խաչատրյանը, Օյստրախն ու Շոստակովիչը սոված էին մնացել։ Ծանր վիճակից նրանց դուրս բերեց Օյստրախը՝ կատակով առաջարկելով տեղում համերգ տալ։ Մտահղացումը հրապուրեց Շոստակովիչին ու Խաչատրյանին։ Հանպատրաստից կայացած հիանալի համերգի համար երաժիշտները ճաշի արժանացան։
 

Արամ Խաչատրյանը վախճանվեց 1978 թվականի մայիսի 1-ին` երկարատև, ծանր հիվանդությունից հետո: Կոմպոզիտորի աճյունը տեղափոխվեց Երևան, դա նրա վերջին ցանկությունն էր:

 

Հեղինակ՝ Հասմիկ Բաղդասարյան

 

Լրահոս

Դիտել ավելին