Կարևոր իրադարձություններ

Վեթինգի մասին օրենքի նախագիծը մշակման փուլում է, ուշադրության կենտրոնում դեռևս դատական համակարգն է․ Լիլիթ Մակունց

29 Մայիս, 2019 17:05
Վեթինգի մասին օրենքի նախագիծը մշակման փուլում է, ուշադրության կենտրոնում դեռևս դատական համակարգն է․ Լիլիթ Մակունց

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը վստահեցնում է՝ վեթինգի մասին օրենքի նախագիծը մշակման փուլում է։ Նա ԱԺ-ում  լրագրողների հետ զրույցում  նկատեց, որ վեթինգն անցումային արդարադատության դրսևորումներից մեկն է, և այս տիրույթում որոշ չափով ուսումնասիրություն արվել է։ 

Լիլիթ Մակունցը մշակողների անուններ չներկայացրեց, միայն ասաց, որ նախագիծը կներկայացնի «Իմ քայլ» խմբակցությունը։ Ինչ վերբերում է ոլորտներին, Մակունցը նշեց, որ տեսականորեն այն կարող է վերաբերել բոլոր ոլորտներին, սակայն իրենց ուշադրության կենտրոնում  դեռևս դատական համակարգն է։

«Այս պահին մենք դեռևս ունենք այսպիսի դիրքորոշում, որ հակված ենք միայն դատական համակարգում դա անել։ Թե հետագա գործողություններն ինչ ցույց կտան, ի վերջո, ինչ կունենանք արդյունքում, չեմ կարող ասել։ Այս պահին հակված ենք միայն դատական համակարգում իրականացնել»,- ասաց նա։

Պատգամավորը դեռևս չի կարող ասել՝ արդյոք վեթինգի իրականացումը կուղեկցվի Սահմանադրության փոփոխությամբ։ Ըստ նրա՝ այս պահին հստակ չէ, թե վերջնական ինչ դիրքորոշում կորդեգրեն, քանի որ հնարավոր է՝ իրենց մոտեցումներն էլ փոխվեն։

«Ժամկետներն այս պահին հստակ չեմ կարող նշել, բայց կարող եմ ասել, որ հնարավորինս մոտ ժամկետներում մտադիր ենք գոնե նախնական տարբերակն ունենալ։ Աշխատում ենք, որ առաջիկա մեկ ամսվա ընթացքում գոնե ունենանք նախնական տարբերակը։ Ոչ թե վերջնական շրջանառության մեջ դնելու իմաստով եմ ասում, այլ ուղղակի փաստաթուղթը»,- շարունակեց Լիլիթ Մակունցը։

Մակունցի խոսքով՝ արդեն իսկ արտախորհրդարանական ուժերից հայտնել են իրենց պատրաստակամությունը՝ առաջարկներ ներկայացնելու հետ կապված, ինչպես նաև ասում են իրենց մտահոգությունների մասին։ Այս համատեքստում Մակունցը կարևորեց, որ մինչ հանրային լայն քննարկումը խորհրդարանական ուժերն էլ ներկայացնեն իրենց առաջարկները։ 

Հարցին, եթե աշխատանքներն արդեն սկսվել էին, ինչու տեղյակ չի պահվել խորհրդարանական մյուս ուժերին, օրինակ՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը դժգոհել է, որ նախագծի մշակման աշխատանքներն ամիսներ շարունակ թաքուն է պահվել ընդդիմադիրներից, Լիլիթ Մակունցը պատասխանեց․

«Դեռևս նախընտրական փուլում ներկայացվել է, որ մենք գնալու ենք անցումային արդարադատության, այդ քայլը մեզ համար  կարևոր ու օրակարգային է եղել, ինչպես նաև սրա հետ կապված եղել է հանրային պահանջ։ Վեթինգը հանդիսանում է անցումային արդարադատության գործիքներից ու բաղադրիչներից մեկը։ Եվ այս առումով ոչ թե եղել է կոնկրետ աշխատանքային խումբ, այլ «Իմ քայլի» առանձին պատգամավորներ կատարել են ուսումնասիրություն, հավաքագրել են որոշակի նյութեր, աշխատանք են իրականացրել, որի արդյունքում նաև հայտարարեցին անցումային արդարադատության վերաբերյալ հարային քննարկումների մասին»։

 

Լրահոս

Դիտել ավելին