Կարևոր իրադարձություններ

Սիրված լինելու արժանի երկիր. շվեյցարացի լրագրողները հոդվածներ կտպագրեն և ֆիլմ կնկարահանեն Հայաստանի մասին

23 Մայիս, 2019 16:48
Սիրված լինելու արժանի երկիր. շվեյցարացի լրագրողները հոդվածներ կտպագրեն և ֆիլմ կնկարահանեն Հայաստանի մասին

Շվեյցարիայի ճամփորդական լրագրողների ասոցիացիայի 16 ներկայացուցիչ ժամանել է Հայաստան՝ ծանոթանալու երկրի զբոսաշրջային գրավչությանը:

Մոտ 1 շաբաթվա ընթացքում նրանք բաժանվելու են 3 խմբի և լինելու են Հայաստանի տարբեր տեսարժան վայրերում՝ Սևանա լճում, Տավուշի, Լոռու, Շիրակի մարզերի տարբեր գյուղերում և քաղաքներում:

Միջոցառումն իրականացվել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության աջակցությամբ և Շվեյցարիայում Հայաստանի առևտրային ներկայացուցիչ Հայկ Հովհաննիսյանի նախաձեռնությամբ:

Շվեյցարիայի ճամփորդական լրագրողների ասոցիացիայի ղեկավար Ալեք Դեքոթն ասաց, որ շատ է ճամփորդել, եղել տարբեր երկրներում, սակայն Հայաստանի մասին չէր լսել:

«Հայաստանի մասին տեղեկացել եմ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի ժամանակ, սկսեցի ուսումնասիրել երկիրը և որոշեցի, որ սա այն 5-6 պարտադիր այցելության երկրներից է, որ ես պատրաստվում եմ լինել: Արդեն իսկ սիրահարվել եմ Հայաստանին»,- ընդգծեց Դեքոթը:

Խոսելով սպասվող տուրերի մասին՝ նա շեշտեց, որ դրանք շատ հագեցած են լինելու և պետք է հասցնեն հնարավորինս  շատ բան տեսնել:

«Երևանում լինելու ենք Մատենադարանում, Թումո ստեղծագործական կենտրոնում, Հայոց ցեղասպանության հուշահամալիրում և մի շարք այլ տարբեր վայրերում: Մենք ուզում ենք մեր ընթերցողների մոտ ցանկություն առաջացնել գալ և տեսնել Հայաստանը՝ բացահայտելու երկրի պատմական հարստությունը»,- ասաց ասոցիացիայի ղեկավարը:

Շվեյցարացի լրագրողները նախատեսում են Մատենադարանի և «Թումո» ստեղծագործական կենտրոնի մասին ֆիլմ նկարահանել ֆրանսիական հեռուստաընկերություններից մեկի համար ՝ ներկայացնելով  անցյալն ու ներկան:  

«Մենք մտածում ենք, թե ինչ համ ու հոտ տանք մեր նյութին, որով հնարավոր կլինի հետաքրքրել մեր ընթերցողին և հեռուստադիտողին: Ծովերով, շքեղ հյուրանոցներով չի լինի, լեռներով նույնպես, մեր երկրում էլ դրանք շատ են ու գեղեցիկ: Ցանկանում ենք շեշտը դնել Հայաստանի հոգու և խղճի վրա»,- շեշտեց Դաքոթը և հավելեց, որ Հայաստանն արժանի է լինել սիրված:

Լրագրողների հետ զրույցում Շվեյցարիայում Հայաստանի առևտրային ներկայացուցիչ Հայկ Հովհաննիսյանն ասաց, որ լրագրողներին Հայաստան հրավիրելու գլխավոր նպատակն այն է, որպեսզի նրանք դրական տպավորություններով վերադառնան իրենց երկիր:

«Մեր հյուրերը տասնյակից ավելի հոդվածներ են պատրաստելու և տպագրելու Հայաստանի զբոսաշրջային գրավչության մասին: Շվեյցարացի զբոսաշրջիկների համար մեր երկիրը շատ հետաքրքիր է, քանի որ նրանք յուրահատուկ ճաշակ ունեն: Նրանց շատ բաներով չենք կարող զարմացնել, պետք է հետաքրքրենք արկածային տուրերով: Շատ են սիրում հեծանվային արշավներ, քայլարշավներ,  լեռներում քայլել: Միջինից ավելի բարձր տարիքի շվեյցարացի մեր հյուրերին ավելի շատ հետաքրքրում է մեր պատմամշակութային ժառանգությունը»,- նշեց Հովհաննիսյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին