Կարևոր իրադարձություններ

ԱՄՆ Կոնգրեսում կայացել է ԼՂ հակամարտության հրադադարի հաստատման 25-ամյակին նվիրված միջոցառում

21 Մայիս, 2019 22:53
ԱՄՆ Կոնգրեսում կայացել է ԼՂ հակամարտության հրադադարի հաստատման 25-ամյակին նվիրված միջոցառում

ԱՄՆ Կոնգրեսում տեղի է ունեցել ԼՂ հակամարտության հրադադարի հաստատման 25-ամյակի կապակցությամբ միջոցառում, որը կազմակերպել էր Հայկական հարցերի հանձնախմբի և Ականազերծման հարցերի հանձնախմբի կողմից: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից։

«Միջոցառմանը խոսքով հանդես եկավ Հայկական հարցերի հանձնախմբի համանախագահ և Ականազերծման հարցերի հանձնախմբի հիմնադիր համանախագահ, կոնգրեսական Ջեքի Սփիրը, ով անդրադարձավ Արցախում ականազերծման գործընթացի կարևորությանը` նշելով, որ շարունակելու է Հանձնախմբերի շրջանակում աջակցել վերոնշյալ առաքելություններին Արցախում և ամբողջ աշխարհում:

Դեսպան Ներսեսյանն իր ելույթում շնորհակալություն հայտնեց կոնգրեսական Սփիրին միջոցառումը կազմակերպելու համար, ինչպես նաև բարձր գնահատեց Հայկական հարցերի և Ականազերծման հարցերի հանձնախմբերի գործունեությունը: Դեսպան Ներսեսյանն ընդգծեց հակամարտության տևական կարգավորման նպատակով Լեռնային Ղարաբաղի լիարժեք ներգրավվածության անհրաժեշտությունը` կարևորելով նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում ԱՄՆ միջնորդական ջանքերն` ուղղված հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը: Դեսպանն իր երախտագիտությունը հայտնեց նաև Արցախում ականազերծում իրականացնող «Հալո Թրաստ» կազմակերպության ներկայացուցիչներին: Միջոցառումն ուղեկցվեց Արցախում «Հալո Թրաստ» (Halo Trust) կազմակերպության գործունեությանը նվիրված նկարների ցուցահանդեսով»,- նշված է հաղորդագրության մեջ։

 

Լրահոս

Դիտել ավելին